Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրկնում, «ո՞վ, ո՞վ լինի, ո՞վ լինի»։ Հանկարծ նա ձեռները կրկին խփեց գլխին և սկսեց ինքն իրան խոսել այնքան բարձր ձայնով, որ եթե մեկը քսան քայլ նրանից հեռու լիներ կանգնած, հեշտությամբ կարող էր լսել և հասկանալ նրա խոսածը։

«Վա՛յ իմ գլխին, ինչո՞ւ եմ ապրում, էլ ինչ երեսով եմ ուրիշներին մեղադրում, քանի որ ես անպիտան եմ և միակ մեղավորը, — ասում էր նա, գլխի մազերը փետտելով և շրթունքները կրծոտելով։ Լեզու, քեզ ստեղծողին ինչ ասեմ, պիտի չորանայիր, տակհան լինեիր ինչպես մի փայտի կտոր, որ այն օրը ջահելների մեջ չխոսեիր․ Սեյրան, աստված քո բողազդ կապեր, որ այն սևացած օրը, սրանից երեք ամիս առաջ, ընկերներիդ հետ քեֆ անելիս, այն լեղին չլակեիր։ Ինչ արի ես, ինչ արի, իմ ձեռքով տունս քանդեցի։ Կե՛ր, կե՛ր, Սեյրան, հախդ է․․․ բայց, տեր աստված, ախար չէ՞ որ ես ուրիշ կերպ եմ ասել, չէ՞ որ ես միայն ասացի․ «շուտով ես էլ եմ պսակվելու Քյոխանց Բարխուդարի աղջկա հետ»։ էհ, հերիք էր, հերիք էր, չար լեզուների համար հենց այսքանն էլ բավական էր, ճոթը տվի նրանց ձեռը, և ահա նրանք մի մեծ կծիկ են փաթաթել։ Ի՞նչ անեմ հիմա, ի՞նչ կարող եմ անել։ Ոչինչ, ուշ է, անցյալը չի կարելի հետ բերել․․․»։

Սեյրանը շվարված հայացքը խավարի մեջ ձգեց յուր չորս կողմ։ Նա բավական հեռացել էր իրանց արվարձանից և այժմ գտնվում էր ներքին փողոցներից մեկի ծայրում, ուր քաղաքի հին եկեղեցին էր գտնվում։ Այստեղ ոչ ոք չկար․ նա մոտեցավ պատին, մի բավական մեծ քար շուռ տվավ և նստեց նրա վրա։

Պարզ երկնքում աստղերը փայլում էին։ Սեյրանը բարձրացրեց յուր գլուխը և սկսեց նայել երկնքին։ Ինչե՜ր էին անցնում այս րոպեին նրա գլխով։ Բուռն զգացմունքների ճնշման ներքո նրա միտքը երերում էր, ինչպես մի փոքրիկ մակույկ լայնատարած ծովի ալիքների մեջ։ Ծնողներից անարգված, սիրելիից մերժված պատանին այնքան վշտացած էր կյանքից, որ նա յուր գոյության համար չէր տեսնում ոչ մի հենարան։ Մի ահագին ծանրություն ճնշում էր նրա սիրտը, և նա ուժ էր անում ազատվելու այդ ծանրությունից, բայց իզուր։ Որպեսզի գեթ մի քանի րոպե փարատի յուր դառն մտածմունքները, Սեյրանը սկսեց երգել մի ինչ-որ ժողովրդական