անգամից դուրս թափվելով նրա խորը թաղված աչքերից, կարկտի պես գլորվում էին նիհար ու մաշված երեսով։
Բարխուդարը չէր արտասվում։ Բեղերը ոլորելով և երբեմն կրծոտելով, նա մոլոր հայացքով սենյակի կոճերին էր նայում։
— Մայրս լաց է լինում, հայրս ո՛չ, — մտածեց Սուսանը։ — Բայց ի՞նչպես հայրս սփրթնել է, ինչպես նրա պռոշները կապույտ կապտել են։ Օօ՛օ՛, քեզ պես մարդն արտասվել չգիտե, քո բնավորությունից հեռու է սրտի վշտերը արտասուքով արտահայտելը։ Դու քո արցունքները բաց ես թողնում ներս, սրտիդ մեջ, որ ավելի բորբոքեն ցավերդ։ Օօ՛օ, ես իմանում եմ, դու մորիցս շատ ես տանջվում, այդ երևում է քո վառված աչքերից։ Խե՛ղճ մարդ, ինչո՛ւ ես քո օրը սևացնում։ Տեր աստված, մի հնար ցույց տուր, որ ես իմ ծնողներին ազատեմ այդ տանջանքից։ Եկ, ներս վազեմ, ընկնեմ հորս առաջ, արտասվեմ, ներողություն խնդրեմ, ամեն բան նորից պատմեմ, ասեմ․․․ ասեմ սխալվել եմ, հայր, բաշխիր։ Բայց օօօ՛, ի՛նչպես ասեմ, ինչպես երեսս կպատի նրա առաջ այսպես խոսելու և ինչ մեղք ունիմ։ — Չէ, ավելի լավն է, ես հենց վաղը առավոտը մորս հետ առանձին կխոսեմ։ Ես մորս կհավատացնեմ, որ Սեյրանին չեմ սիրում, թե ուզում եմ ուրիշին գնալ։ Այդ ամենից լավն է, խեղճ կնիկը կհանգստանա, էլ չի չարչարվիլ։
— Լսի՛ր, ինչ եմ ասում, — ընդհատեց լռությունը Բարխուդարը, — լաց լինելով բան չես կարող առաջացնել, լավն է մեր գլխի հոգսը խելքով տեսնենք։ Բանը վաղ թե ուշ պիտի վերջացնենք։ Շըպպանիկ է, ինչ զահրումար է, որ ասում ես շաբաթը հինգ անգամ գլխիդ է գալիս Ռուստամի կողմից, էգուց կամ մյուս օրը թե որ մեկ էլ եկավ, ասա՛, որ ես ղաբուլ եմ Սուսանին տալու։
— Ռուստամի՞ն։
— Հա, հենց Ռուստամին։ Թե որ ուզում են, թող հենց էս քանի օրերը նշանը բերեն, վերջացնենք։ էլ երկարացնելու տեղը չի, դու էլ խելքդ գլուխդ հավաքիր, ֆիքր արա, տե՛ս հարսանիքի համար ինչ որ հարկավոր է առնեմ բազարից։ Լսեցի՞ր։ Դա վերջին խոսքս է։
— Շըպպանիկը երկու շաբաթ է, որ ոտը մեր տնից կտրել է, — պատասխանեց Գյուլնազը, աչքերը սրբելով։