Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքը փիադա վազ տա, վազ տա, չհասնի։ Նա, նա, էն քյոփակ Բարխուդարն է երեխիս էս օրին հասցրել։

Մարիամ բաջին այս թունավոր անեծքը արտասանեց աչքերը դեպի երկինք բարձրացրած և ձեռներով անդադար կրծքին խփելով։ Հայրապետը, դեմուդեմ կանգնած, բարկացած նայում էր նրա երեսին, մի ձեռով չիբուխը քիչ բերանից հեռու բռնած, մյուսով ստեպ-տեպ գդակը գլխին սեղմելով։

Երբ Մարիամ բաջին յուր անեծքն ավարտեց, Հայրապետը կամեցավ մի ինչ-որ բան խոսել, բայց կատաղությունից չկարողացավ ոչինչ ասել։ Նա չիբուխը խրեց գոտում, ձեռները քաշ ձգեց և գլուխը աջ ու ձախ շարժելով, շարունակեց մտիկ անել ամուսնու բերանին։

Այս պատկերից հետո Մարիամ բաջին կռացավ, վերցրեց գետնից շալը և գլխին փաթաթելով, ասաց․

— Տափին դիպչեն բախտավորները։ Ուրիշները առավոտվա ժամաժամքի աղոթք են անում, ես անեծք եմ թափում բերանիցս։

— Ինչու որ օձ ես, օձի արգանդեն դուրս եկած, — ասաց Հայրապետը, կրկին չիբուխը գոտուց դուրս հանելով։

— Դու էլ ցավիս վրա ցավ մի՛ ավելացնի, աստված սիրես։

— Ձայնդ կտրի՛ր, մոլթանու աղջիկ։ Լեզուդ կծած պահիր, թե չէ ամենի աջըղը քեզանից կառնեմ, — բարկացավ կրկին Հայրապետը, այս անգամ մոտենալով Մարիամ բաջուն և չիբուխը բարձրացնելով նրա գլխին։

— Ա՛ռ, ա՛ռ, ինչ ուզում ես արա, էլ օրես դեն ինձ համար սև ու սպիտակ մին է։ Չէ, սիրտս էրվի, խորովի, մի անեծք էլ չանե՞մ սաբաբի համար, հա՞։

— Սաբաբը դու ինքդ ես։

— Սաբաբը քյոփակ Բարխուդարն է։ Թո՛ղ, թող աղջկանը տանի տա հայասըզ Սանամի լակոտ Ռուստամին։ Ինչո՞ւ չի տալ, հարուստ, սովդաքար․․․ հը՛մ, հըմ․․․ յարադան աստված, դու հախը նահախին տվողը չես։ Շատ չի քաշիլ, ես կտեսնեմ Բարխուդարին փոշմանած, գլխին թակելիս։

— Շատ ես լեզվիդ զոռ տալիս, հա՛, փիեե՛, — գոչեց Հայրապետը, դարձյալ կանգնելով յուր ամուսնու դեմուդեմ։