Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«հե՛չ դահի բունան օղուլ չխմազ»։[1] Իմացա՞ր։ Հիմա նրա ավետարանը կարդացված է, թող սատկի ու շների կերակուր դառնա էլի՛, փիե՛։ Չէ, չեմ ուզում, չեմ ուզում ջանըմ, գյոզում էնենց տղին, որ գիշերվա կիսին տնից փախչում է ու մտնում գինետուն մոր կաթը կտրածների հետ լակում, կռվում ու շան պես էնքան թակվում, ջարդ ու փշուր լինում, որ փալասով են տուն բերում։ Տա՛ր, տա՛ր քեզ լինի, խերը տեսնես, ես նրանից ձեռ եմ քաշել, յախաս թափ եմ տալիս։

Հայրապետը այս ասելով երկու ձեռներով բռնեց յուր արխալուղի օձիքից և թափահարեց։

— Հրես ասում եմ, հենց որ աչքերը բաց արավ, ուշքի եկավ, ասա նրան, որ էլ աչքիս չերևա։ Թող դուրս գա, կորչի որտեղ որ ուզում է, ես նրա հետ էլ բան չունիմ։ Հասկանո՞ւմ ես։ Ես նրա հայրը չեմ, իմացա՞ր, ես կուժ ծախող Հայրապետս, էլ օրես դեն նրա հայրը չեմ, պրծավ գնա՛ց։ Հրես ես էլ կգնամ Կոնդուստոր, սեկլատարին կասեմ, որ նրա անունը դաֆթարից հանի դուրս։ Հետո կգամ նաչառնիկի մոտ ու ամեն բան նրան մին-մին նաղը կանեմ, էսպես, էսպես, Սեյրանը տղաս չէ, վասսալա՛մ, շյուդ թամամ․․․

— Պրծավ գնաա՛ց, իմ բանս էլ դրստվեց, յարիս էլ մահլամ դրիր։ Քիչ ենք խայտառակվել, դու էլ գնա՛, կունդուստորի-մունդուստորի, սկլատարի-մկլատարի դավթարը գցիր անուններս։ Հայրապետ, շուն է, գել է, լիրբ է, փչացած է, ինչ որ է — էլի տղադ է, էլի հայրն ես, դու պիտի մի կերպ էս չար ճանապարհից հեռացնես նրան։

— Չեմ ուզում, ջանիմ, չե՛մ ուզում էլի, որ նա տղաս լինի։ Տար վզովդ գցի՛ր, ես բան չունեմ, ես ձեռներս լվանում եմ, թող գնա չոլերն ընկնի։ Նա չէ՞ր պատճառը, որ Բարխուդարը քսան-երեսուն տարվա բարեկամությունը մի օրում քիրթ կտրեց ինձ հետ։ Նա չէ՞ր պատճառը, որ խեղճ մարդու աղջկա անունը սաղ քաղաքում ընկավ, ինքն էլ խայտառակ իլա՞վ։ Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ ուզում, նա իմ տղաս չի էլի, փիիեե՛, նահլաթ քեզ․․․

— Քո խեղճ Բարխուդարին թող խեղճ օձ կծի, — ընդհատեց Հայրապետի խոսքը Մարիամ բաջին, — թող նրա սիրտը տասը դանակ միասին խրվեն, թող աստծուց մահ խնդրի, մահը ձիավոր իլի,

  1. Չէ, էլ սա որդի չի դուրս գա: