Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նստել չեմ կարող, գլուխս ցավում է։

— Երեսդ դես պարանիր ու խոսիր։

— Չեմ ուզում, չեմ ուզում, թող, — գոչեց Սեյրանը, գլուխն ավելի խորը թաղելով վերմակի տակ։

— Չեմ ուզում, հըմ, երես ունիս, որ ուզես, ամոթից պիտի խեղդվես, ոչ թե խոսես, — մեջ մտավ Հայրապետը, որ այդ ժամանակ երեսը մյուս կողմ դարձրած չիբուխ էր լցնում։ — Ադա, ամաչո՞ւմ ես իսկի, — շարունակեց նա, մոտենալով Սեյրանի անկողնին, — ամաչում ե՞ս, թե երեսիդ մեռոնը թափվել է ու սլկված կաշին է մնացել, հը՞մ․․․

— Օղորմի քո հորը, ա՛յ մարդ, օղորմի օխտը պորտիդ, սո՛ւս արա, սո՛ւս արա, թող տեսնենք գլուխներիս ի՛նչ օյին է գալիս, — աղերսեց Մարիամ բաջին։

— Այ քյոփօղլի աղջիկ, չե՞ս թողնելու, փիե՜ փիե՜, ի՞նչ ես գլխիս չաքուճ դառել, խեղդվեցի հո, — գոռաց Հայրապետը Մարիամ բաջու վրա։ — Ասա՛, ասա՛, անառակ տղա, ասա տեսնեմ, դա ի՞նչ օյիններ են, որ դու մեր գլխին բերում ես, հը՞մ։

Սեյրանը լուռ էր։

— Չես խոսո՞ւմ, լեզու չունե՞ս, լալացել ե՞ս, հըմ, լալացի՛ր, այ «սանի դողանըն բոյնի սնսուն, բելա բոյնի սնսուն, Սեյրան օղլան»։[1]

— Սնսո՛ւն, սնսո՛ւն, հա՛, սնսո՜ւն, — երեք անգամ կրկնեց Մարիամ բաջին վշտացած ձայնով։

Վերմակը շարժվեց, և Սեյրանը գլուխը դուրս հանեց։ Նա քիչ բարձրացավ և ձախ կողմով հենվելով անկողնին, մի քանի վայրկյան նայեց հոր երեսին և կրկին ծածկվեց ու ընկավ։

— Ի՞նչ ես ուզում, բալաս, — հարցրեց Մարիամ բաջին։

— Հըմ, ուզում էիր, որ մի բան հաչե՞ս, հաչի՛ր, անառակ։

— Եթե ես լավ որդի չեմ, դու էլ ինձ համար մի օրինավոր հայր չես, — փնթփնթաց Սեյրանը, գլուխն ավելի խոր թաղելով վերմակի տակ։

Հայրապետը լսեց այս խոսքերը։

  1. Քեզ ծնողի վիզը կոտրվի, այո, վիզը կոտրվի, Սեյրան տղա: