— Մատաղ լինես, Սեյրան տղա, քո ծերացած մորդ, թե չէ աստծուն է հայտնի, որ մեծ թիքադ ականջդ կմնար ձեռումս։
— Թող մնա, այսուհետև Սեյրանի համար ողջ մին է ինչ էլ որ լինի։ Ես էլ մորս եմ խնայում, բայց իմացի՛ր, որ էլ օրես դեն ես այստեղ մնալ չեմ կարող։ Կթողնեմ այս տունը հենց այն րոպեին, երբ ոտներս կարող կլինեն տեղից շարժվիլ։
Այս ասելով, Սեյրանն այլևս չկարողացավ ոտքի վրա կանգնել։ Բոլորովին ուժաթափվեց և ընկավ անկողնի վրա։
— Տանջի՛ր, աստված, տանջի՜ր, պապակիր ինձ, ինչքան ուզում ես, — բացականչեց Մարիամ բաջին, վերմակը քաշելով Սեյրանի վրա։
Այդ վայրկյանին դրսից լսվեցին ոտների ձայներ։ Մարիամ բաջին շտապեց կարգի բերել յուր ցիրուցան եղած մազերը և հագուստն ուղղել։
Հայրապետը դռներից դուրս նայեց և իսկույն դեպի ներս շուռ գալով, ասաց․ «սատանաների նախիրն եկավ, վե՛ր կաց ոտքի»։
Ներս թափվեցին մի խումբ կանայք խայտաճամուկ չարշովների մեջ փաթաթված, տնքտնքալով, ծանր հառաչանքներ արձակելով, ախ ու վախ քաշելով։
Հայրապետր չուխան հագավ ու դուրս գնաց։
Մարիամ բաջին առաջ շարժվեց, որ հյուրերին ընդունի։