Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրից սկսած նա այլևս հանգստություն չէր տալիս Բարխուդարի ընտանիքին։ Շաբաթն երեք, չորս անգամ, «վախտ, բեվախտ», նա վազում էր Գյուլնազի գլխին խնամախոսության, բայց գլուխ չէր գալիս։ Վերջին երկու շաբաթները Շըպպանիկն այլևս չէր երևում Բարխուդարանց կողմերում։ Սանամի բարեկամները իմանալով, որ նա մտադիր է յուր որդու համար Քյոխանց Բարխուդարի աղջիկ Սուսանին ուզելու, մի օր հավաքվեցին նրա գլխին։

— Ախչի Սանամ, դա ի՞նչ ենք լսում, դո՞ւ որտեղ, Գյուլնազի հայասզ, կապը կտրած, չոլերն ընկած աղջի՞կը ո՛րտեղ։ Ա կնիկ, չե՞ս լսել, նա ի՞նչ սոնկ է, ի՛նչ բաներ է արել կուժ ծախող Հայրապետի տղի հետ։

— Ի՞նչ է արել, — զարմացած հարցրեց Սանամը, որ առաջին անգամն էր լսում այդ լուրը։

— Վա՛յ վա՛յ, էլ ի՞նչ պիտի անի, մազս կտրվի, էլ բան է մնացել, որ չանի՞, — պատասխանեց Սանամի տալը, «քյանդուկ» Մանանը, որ ինքն իրան Շամախու ծանրաբարո կանանցից մեկն էր համարում։ — Բան է մնացել, որ չանի, էլ գիշերները չոլերում սիլիկ-բիլիկ անել, պաչպչվել, ղուջղուջվել։

— Հետո՞, հետո՞։

— Հետո, էլ ի՞նչ հետո, իմանում ես էլի, ջահիլ տղա, ջահիլ աղջիկ, այ հա՛յ, հաայ։

Եվ «քյանդուկ» Մանանը խորհրդավոր կերպով շարժեց յուր գլուխն աջ ու ձախ։

— Վայ, տունս չքանդվի, լավ էր առել աստված խելքս։

— Բա՛ս, բա՛ս, սաղ քաղաքում մի մատը մեղր կշինեին քեզ էլ, տղիդ էլ, կլպզտեին հա կլպզտեին։ Մի իստակ անուն ունիս, ուզում ես, որ կեղտոտե՞ս, խելքի եկ, խելքի...

Նույն օրը Սանամը Շըպպանիկին հրամայեց այլևս չգնալ Գյուլնազի մոտ և մինչև անգամ ոչ ոքի էլ չհայտնել, թե Քյոչարանց Սանամը կամեցել է Քյոխանց Գյուլնազի աղջկան յուր տղի համար ուզել։ Այնուհետև, նա դարձյալ Շըպպանիկի օգնությամբ, սկսեց որոնել մի ուրիշ հարսնացու։ Երկու շաբաթ էր, որ նրանք մտածում էին այդ մասին, բայց մի ուրիշ հարմար աղջիկ չէին գտնում։