Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա հենց այդ մտքով էր զբաղված Սանամի ուղեղը և այժմ։ Նա, մեջքը պատին տված, նստած էր պարսկական գորգերով զարդարված թախտի վրա, երեսը դեպի բակը և հմայում էր խաղաթղթերով։ Ուղիղ մի ժամ էր, որ նա հմայությամբ էր պարապած և այդ մի ժամվա ընթացքում առնվազն տասն անգամ թղթերը դարսած և հավաքած կլիներ, բայց ոչ մի անգամ կամակոր թղթերը ցույց չտվին Սանամի ուզածին պես։ Վերջապես, նրա ձեռները հոգնեցին թղթերը շատ դես ու դեն բաժանելուց, և նա բարկացած հենց նոր կամենում էր հավաքել և մի կողմ դնել թղթերը, երբ դրսից մի կանացի ձայն լսեց։ Մեկը թուրքերեն լեզվով երգում էր և ծափահարում։ Սանամն, առանց տեղից շարժվելու, նայեց դուրս, և նրա դեմքը մի առանձին զարմանք չարտահայտեց, երբ տեսավ երգեցող ծափահարողին։

— Այ բալամ, այ ջանըմ, դիլ դիդիլ, դահրի դադահ, դիլ, դի-դիլ, չըթ-չըթ, այ սաղոլ, այ սաղոլ, — ներս մտավ մի բարձրահասակ, նիհար կին, պարելով և ձեռները գլխի վերև աղեղնաձև պահած` երկայն ու բարակ մատներով «չըրթմա» տալով։

Դա «զարանգիզի» Շըպպանիկն էր։

— Դիլիլի, դիլդի՛լ, դիլիլիլի, դիլդիլ, պարով խանմիս, պարով նրա տուն ու տեղին, — սկսեց Շըպպանիկը մաքուր տեղական բարբառով, առանց որևէ խառնուրդի։

— Պարով, մին ալ պարով, — շարունակեց նա, — հազար պարով, ա բալամ, հի՞նչ ես անըմ, հի՞նչ ես շինիմ, հինչյա պյանի՞ ես։ Քեֆըդ, հա՛լդ օվհալդ։ Հը՞մ, դամաղդ չա՞ղ ա։ Ասա, դե ալի, ախըր քանի՛ վախտ ա քու լուսերեսդ չամ տեսնըմ։

Սանամը ոչինչ չպատասխանեց, միայն մի քանի վայրկյան նայեց Շըպպանիկի երեսին, խաղաթղթերը դրեց մինդարի տակ և շորերի ծայրերը քաշեց ներքև, որ ծածկի աջ ոտի հաստ և մսալի սրունքը։

— Հըմ, խոսիր դե ալի, — դարձյալ սկսեց Շըպպանիկը շալը գլխիցը վերցնելով և մի կողմ շպրտելով։

Նա կանգնեց ուղիղ Սանամի դեմուդեմ և ձեռները դրավ կողքերին։

— Չե՞ս խոսելու, հի՞նչ կա, յարաբ, աչքունդ փայիզվան պես կախ էս քիցյալ, ալի էշիդ հով ա՞ կաղ ասալ։