— Շնորհակալություն։
— Անուշ լինի։
— Դե՛հ, շյուտ արա, սյուֆրան հավաքիր, կողքիս նստիր, պան ունամ քեզ հետ, — ասաց Շըպպանիկը հրամայական եղանակով։
Սանամը իսկույն հավաքեց սեղանը, տարավ մյուս սենյակ և շուտով վերադարձավ ու նստեց Շըպպանիկի մոտ։
— Ասա տեսնեմ ի՞նչ բան է, խեր լինի, — ասաց Սանամը, հետաքրքրությամբ նայելով Շըպպանիկի երեսին։
Շըպպանիկը մազերը երեսից հեռացրեց, գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և, ուղիղ Սանամի երեսին ժպտալով, ասաց.
— Աղջիկը ճարվալ ա։
— Ղորթ ես ասո՞ւմ, Շըպպանիկ, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է, — հարցրեց Սանամը, ուրախությունից ուսերը վեր քաշելով և յուր հաստ իրանը ծռելով դեպի Շըպպանիկը։
— Դունիա գոզալին, խաների-բեգերի թոռնը, սաղ քաղաքի աչքը, ջին-ջավահիր, մարալի պես գոկչակ, խանըմ խաթուն, օ՛վ դար...
— Ով է, ո՞վ է։
— Մի խեղճ, անըմով, պատվով հորումոր աղջիկ։ Մի թառլան ղուշ մի գյոզալ, քիիի... ալ հինչ ասամ։
— Սիրտդ ճաքի, տրաքի, ա՛յ Շըպպանիկ։ Ո՞վ է, ումի՞ աղջիկն է, անուն չունի՞։
— Բյուլբյուլ, բյուլբյուլ, բյուլբյուլ...
— Ո՛ւֆ, կրակ բռնես, հերիք է, — վերջապես համբերությունից դուրս գալով, բղավեց Սանամը, աջ ձեռը զարկելով Շըպպանիկի ուսին։
— Ասա՞ամ, — հարցրեց Շըպպանիկը, խորամանկորեն նայելով Սանամի երեսին։
— Ասա՛, ասա՛։
— Հի՞նչ կտաս։