Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանըմ, որ նա հի՛նչ ա, ան զահրմարի անըմը, որ թելով քինյամ ա։ Նա ալի, որ աս տարի ան շինալ։

— Տեպե՞շ։

— Հա, հա, ան սատանի քյարխանան, որ ասըմ ան մին սահաթըմ համ խաբար ա տանըմ, համ բերըմ։ Դե լա՛վ, ինչպես ուզում ես, անանց արա։ Ամա հանց ասօր վերջացրու բանը հա։ Դեհ, ախըր ասացի, վեր կաց մըրաբա բեր, որ բողազս քաղցրացունամ։

— Ո՛ւֆ, բողազդ որդնը դնի։

Սանամը բարձրացավ տեղից, գնաց մյուս սենյակը։ Մի քանի րոպեից հետո նա վերադարձավ մատուցարանը ձեռին, որի վրա փոքրիկ ափսեներով դրված էին երկու տեսակ մուրաբաներ և մի բաժակ օղի։

— Աստոծ շաննո՛որ անի, դյուշմանի աչքը քոռանա, — բացականչեց Շըպպանիկը, դատարկելով օղիի բաժակը և իրարու հետևից մի քանի գդալ մուրաբա կուլ տալով։

— Ես ի՛նչ գիտեմ, տա աստված, որ վերջներս խեր լինի, — արտասանեց Սանամը, հառաչելով։

— Դե՛հ, հալալիգա, մնաս բարով։ Ես վազ տամ Գյուլնազի գլխին, որ նրա հետնան ալ բանը քյութահ անամ։ Դյու, հինչպես ասացի, Սանամ խանըմ, մին կտոր գիր գրիր, ան ստանի թելով խըրկիր տղիդ, որ ալբա ալ հըղի ընկնի։ Մնաս բարով։

Շըպպանիկը շալը ձգեց գլխին և դուրս եկավ։ Սանամը մուրաբաները տարավ մյուս սենյակը, հետո եկավ թախտի վրա նստեց և մտածողության մեջ ընկավ։


IV

Այդ օրից ուղիղ հինգ շաբաթ էր անցել։ Աշնանային մի ուշ երեկո էր։ Հոկտեմբերի հորդառատ անձրևներից կիսախարխուլ Շամախու լայն, բայց կեղտոտ փողոցներում գոյացել էին անտանելի ցեխ և բազմաթիվ մանր ճահիճներ։ Եղանակը բավական ցուրտ էր։ Թանձր մառախուղը, հասնելով մինչև երկրի մակերևույթը, քաղաքը պատել էր անթափանցելի խավարով։ Ամեն ինչ խաղաղ էր, բնակիչները