բոլոր յուր հնարները, որպեսզի բանն անհապաղ վերջացնե։ Նախ և առաջ նա գնաց Սանամի ազգականների և բարեկամների, «Թուխիկ-Մուխիկի» մոտ, որ ամենքի առաջ Սուսանին արդարացնի։ Թեև Բարխուդարը նրան չէր խնդրել, որ այդքան աշխատի յուր աղջկա մասին և միայն կիսաբերան մի թեթև ակնարկություն էր արել, սակայն այսքանն էլ հերիք էր Շըպպանիկին։ Նա շատ էր լսել, ինքն էլ անձամբ փոքր ինչ ծանոթ էր Բարխուդարի բնավորությանը և գիտեր, թե ինչ նշանակություն ունի մի թեթև ակնարկ Բարխուդարի պես մարդու կողմից։ Այս պատճառով Շըպպանիկը հանգստություն չուներ, ամբողջ երեք շաբաթ այստեղ ոը այնտեղ, սրա ու նրա մոտ վազեց, գործ դրեց ամբողջ խորամանկությունը, սպառեց բոլոր հնարագիտությունը, լեզվի բոլոր ուժերը, մինչև որ բանը հաջողացրեց։ Մի քանի կողմնակի հանգամանքներ ևս քիչ չնպաստեցին Շըպպանիկին։ Բանն այն է, որ այդ ժամանակները Շամախի եկել էր մի օտարաքաղաքացի երիտասարդ վաճառական։ Հայտնի չէր ինչպես, Շըպպանիկի գլուխը մտել էր, որ իբր այդ երիտասարդը եկել է «Շամախու գյոզալներան մինին ղափմիշ» անելու, այսինքն պսակվելու նպատակով և փնտրում է մի գեղեցիկ ու խելոք աղջիկ։ Շըպպանիկը մի օր ձեռները հինայով ներկեց, մազերը կարգին սանրեց, երեսը Ղազանի սապոնով լվացավ, սնդուկից դուրս բերեց նոր շալը, ձգեց գլխին ու, հայդա, երիտասարդի մոտ։
Նա ծանոթացավ վերջինի հետ, մի քանի բաժակ թեյ խմեց նրա մոտ, զննեց, քննեց, հարց ու փորձ արավ նրան, թե ո՛վ է, ինչ տեղացի է, ինչ գործի է, որքան կարողություն ունի և այլն։ Բանից երևեցավ, որ երիտասարդը գանձակեցի է, պարապում է մետաքսի առևտուրով և բավական կարողություն ունի։ Թե նա Շամախի է եկել առևտրական գործերով և ոչ թե պսակվելու, թե ինքն արդեն պսակված է և երբեք մտադրության չի ունեցել երկրորդ կին ունենալու, «չունքի առաջին կնիկը կռիվ կանի, համ էլ, դեհ, հայ քրիստոնյայի օրենքով մի մարդ երկու կնիկ չի կարող պահել» և այլն, և այլն։
Տեղեկանալով այս բոլոր մանրամասնություններին, Շըպպանիկը քիթը քաշ, «քյոռ ու փոշման» դուրս եկավ երիտասարդի մոտից,