Ջահ պահողը, մի կողմում ընկած, տնքտնքում էր։ Հանդիսականներից մեկը իսկույն մի լուցկի վառեց։ Սև նավթի մեջ թաթախված ցնցոտիները բոցավառվելով, լուսավորեցին տեսարանը պղնձագույն և ծխախառն լուռով։ Գյուլնազը, Սուսամբարը և Սմբատը չէին հեռացել նորապսակներից։ Առաջին երկուսը Սուսանին կպած, պատրաստ էին իրանց մարմնով պաշտպանել նրան վտանգի դեպքում։
— Ինչո՞ւ եք փախչում, էյ, է՛յ, կանգնեցեք, էյ նամարդներ, էյ վախկոտներ, — գոռում էր մեկը հանդիսականների հետևում դեպի փողոցի մյուս կողմը, որտեղից լսվում էր մի խումբ փախչող մարդկանց ոտնաձայնը։
Հետո գոռացողը երեսը շուռ տվավ դեպի հանդիսականները և սկսեց դարձյալ հիշոցներ տալ։ Այս անգամ նրա հիշոցները որոշվում էին։ Նա հայհոյում էր առանձնապես Ռուստամին տասնյակ փողոցային կեղտոտ խոսքերով։ Հայհոյողը մի երիտասարդ էր։ Ջահի լուսո ճառագայթները լուսավորեցին նրան։ Նա գունատ էր ինչպես դիակ։ Հագուստը ոտից ցգլուխ շաղախված էր ցեխով, մազերը ցիր ու ցան, աչքերը վառված։ Աջ ձեռին պահած էր մի երկայն փայտ, ձախ թևի վրա փաթաթած էր չերքեզկան։ Նա կամենում էր առաջ շարժվել, բայց չէր կարողանում, ոտները չէին հնազանդվում։ Նա սաստիկ հարբած էր, այնպես որ կանգնած տեղը ամբողջ մարմնով տատանվում էր, ինչպես մի լարախաղ պարանի վրա։
— Ոչինչ չկա, զուռնան փչեցեք, առաջ գնանք, — խոսեց բարձր ձայնով Սմբատը և ինքը շտապով վազեց դեպի հիշոցներ տվող երիտասարդը։ Նա խլեց վերջինի ձեռքից փայտը, բռնեց նրա թևից և հեռացրեց հանդիսականներից։
— Այդ ի՞նչ պատահեց, ո՞վ էր այն տղան, ի՞նչ էր ուզում, — հարցնում էր անդադար Ռուստամը շրջապատողներին։ Եվ ոչ ոք նրան մի որոշ պատասխան չէր տալիս։
— է՜հ, դատարկ բան է, գիշերվա շառլատաններից մեկն էր, — ասում էին միայն։
— Բայց ո՞վ էր, կարելի է ես ճանաչում եմ. անու՜նը։