— Թուրք էր, — պատասխանեցին, աշխատելով անհայտության մեջ պահել երիտասարդի անունը։
— Ախ, տեր աստված, այդ ի՞նչ կրակ էր, ես ճանաչեցի. նա ինքն էր, — քչփչաց Սուսամբարը Սուսանի ականջին։
— Ո՞վ էր, — հարցրեց նորահարսը հազիվ լսելի ձայնով։
— Սեյրանը։
— Սեյրանը, — կրկնեց Սուսանը թույլ ձայնով և ուշաթափվեց։
— Սուսան, Սուսան, ուշքի եկ, — բացականչեց Գյուլնազը, գրկելով յուր աղջկան։ — Ա՛յ ջամահաթ, բալաս վախեցավ, բալաս ձեռքիցս դուրս եկավ, օգնեցեք։
Այդ նոր, անսպասելի դիպվածը հանդիսականներին բոլորովին շփոթացրեց այս անգամ։ Զուռնայի ձայնը կրկին ընդհատվեց, և ամենքը մոտեցան նորապսակներին։
— Ջուր, ջուր բերեք` երեսին սրսկելու, — գոռում էր Ռուստամը մի ձեռով նորահարսին գրկած։
Այն գինետանը, ուր մի փոքր առաջ Սեյրանն յուր ընկերակիցների հետ հարբել էր, դեռ ևս փակ չէր։ Սմբատը, հեռվից նկատելով ճրագի լույսը, վազեց անմիջապես այնտեղ, որ ջուր բերի։
Սուսանի երեսից քողը քաշեցին։ Ջահի լույսը լուսավորեց նրա գունաթափ դեմքը։ Անցան առաջին վայրկյանները, և Սուսանը հանկարծ աչքերը բաց արավ։ Նրա դողդոջուն շրթունքներից դուրս թռավ մի խոսք, և նա կրկին ուշաթափվեց։ Հանդիսականներից ոչ ոք չլսեց այդ խոսքը, բացի Գյուլնազից ու Սուսամբարից։ Սեյրանի անունն էր։ Ռուստամը ևս լսեց այն, լսեց և Գյուլնազի ու Սուսամբարի վրա տարակուսական մի խորը հայացք ձգեց։ Գյուլնազի և Սուսամբարի վրա այդ հայացքը սարսուռ ազդեց, և նրանք միաժամանակ գլուխները կրծքերին թեքեցին, իրանց դեմքերը Ռուստամի սրատես աչքերից թաքցնելու համար։
Մինչ խավարի մեջ տեղի ուներ այդ տեսարանը, գինետնում կատարվում էր մի ուրիշը։ Յուր արշավանքի անհաջող հետևանքից