— Աստծուդ սիրես, դու — քո միակ եղբորդ արևը։
— Ո՛ւֆ, դե իհարկե այդպես է։
— Ի՞նչպես, ինքնասպանները դժո՞խքն են ընկնում։
— Հա՛։
— Թե մեղք էլ չունենան, արդար լինե՞ն։
— էլ արդա՞րս որն է։ Սպանությունից հետո էլ ինչ արդարություն մնաց։
— Ուրիշի չի սպանում հո, իրան է սպանում էլի։
— Հապա ինքը մարդ չի՞։
— Բայց ինչո՞ւ առանց դատաստանի։
— Հերիք է։
— Ասա՛, եթե ինձ սիրում ես։
— Ինքնասպանի համար դատաստան չկա։ Մենք արարիչ աստուծո պատկերով ենք ստեղծված։ Մարդասպանը աստուծո պատկերն է սպանում ու նրա դատաստանով է դժոխք գնում։ Բայց երբ որ մարդ ինքն իրան է սպանում, նա գիտե՞ս ինչ է ասում աստծուն։
— Ի՞նչ։
— Տես, ասում է, ով աստված, քեզանից այնքան ամաչում եմ, որ քո պատկերովդ ինքս էլ չեմ ուզում ապրել։
— Մեղա, մեղա քեզ, տեր աստված, դու չարը խափանես, — շշնջաց Սուսանը հառաչելով և երեք անգամ երեսին խաչակնքելով։
— Ինչո՞ւ համար էիր հարցնում։
— Հենց այնպես։
— Տեսնում ես, որ մեր տերտերներն էլ ինքնասպանին օրենքով չեն թաղում։ Հիմա դու ասա՛․ որ մի մեռել առանց «համբիսկի» թաղվի, էլ նա ի՛նչ երեսով պիտի ահեղ դատաստանի առաջ կանգնի։
— Փառք քեզ, աստված, դու բարին առաջես, — ասաց կրկին Սուսանը և հետո ընկավ մտատանջության մեջ։
Մինչդեռ կանանց բաժանման մեջ նորահարսը յուր ընկերուհու հետ զբաղված էր այս մռայլ խոսակցությամբ, տղամարդկանց բաժնում նորափեսային ուրիշ միտք էր տանջում։
Ինչո՞ւ համար էին այն մարդիկ հարձակվում նորապսակների