Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Ո՞վ էր այն տղան, որ հիշոցներ էր տալիս։ Սեյրան․․․ Սեյրան, այդ ի՞նչ անուն է, որ Սուսանի բերանից լսեց Ռուստամը։ Երևի, Սուսանի բարեկամներից մեկն էր, որ հարսանիքատանը հարբել էր, Սուսանի ծնողների հետ կռվել ու եկել, որ ճանապարհին ոխը նորապսակներից հանի։ Չէ, այդպես չէ, այստեղ մի բան կա, որ ոչ ոք, ոչ ոք չի ուզում ասել Ռուստամին։ «Թուրք էր, շառլատանների մեկն էր», ասում են, փիե՛, նա հայերեն էր խոսում, ի՞նչպես թե թուրք էր։ Չէ, անպատճառ մի թաքուն բան կա, Ռուստամի սիրտն էլ վկայում է այդ։ Չէ, Ռուստամը անպատճառ պիտի իմանա, թե չէ՛ — սիրտը կտրաքի։

Այդպես էր մտածում նորափեսան սեղանի շուրջը պտույտ գալով և հանդիսականներին զանազան ծառայություններ անելով։ Նա յուր կասկածանքով լի հայացքը ձգում էր հերթով հանդիսականներից ամեն մեկի վրա և խորը նայում, կարծես, կամենալով կարդալ նրանց դեմքերի վրա գաղտնիքը։ Բայց հանդիսականների դեմքերը ոչինչ չէին արտահայտում, բացի ուրախ տրամադրությունից գինու ու արաղի ազդեցությամբ։ Ռուստամը մանավանդ ստեպ-ստեպ նայում էր Սմբատին, որ, գլուխը կրծքին թեքած, ընթրիքին չէր մասնակցում։ Երբ Ռուստամը նայում էր, Սմբատը խույս էր տալիս նորափեսայի զննող հայացքներից։ Ռուստամի սուր աչքերը այդ նկատում էին, նկատում և կրկնապատկում նրա կասկածը։ — «Նա ինչո՞ւ հաց չի ուտում, հը՞ըմ, ինչի՞ վրա է մտածում։ Նա երեսիս էլ չի ուզում մտիկ անել, տե՛ս, տե՛ս, ինչպես է աչքերի տակով մտիկ անում։ Տեսեք, տեսեք, պստիկ-պստիկ պատառներ է դնում բերանը ու ծամում, իբրև թե ուտում է։ Չէ՛, մի բան կա, որ հացը բողազովդ ներս չի գնում։ Հը՛մ, ի՞նչ բան է, բա ես չկարողանամ իմանա՞լ։ — Չէ՛, ես պիտի իմանամ, պիտի իմանամ․․․»

Մինչդեռ այդ կասկածավոր մտածմունքները չարչարում էին Ռուստամին, խնջույքը հետզհետե կենդանանում էր։ Սկսվեցին կենացներ։ Թամադան մի կարճահասակ, նիհար, կարմրադեմ, հաստ և շեկ բեղերով մի մարդ էր։ Դա մի հին գրագիր էր, որ երկար տարիներ քաշքշվել էր պետական հիմնարկություններում։ Ինչպես Շըպպանիկն էր Շամախում հայտնի և նշանավոր որպես