Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեխված տեղն ու տեղը։ Այս անգամ խոսողները երկու երիտասարդներ էին, որ գինու ազդեցությունից հազիվ կարողանում էին ոտքի վրա կանգնել։ Ռուստամը կանգնած էր նրանց հետևում, այնպես որ չէր նկատվում։

— Քեզ ասում եմ մինչև կոկորդը, այ մինչև այստեղ, — ասում էր խոսողներից մեկը, ձեռով ցույց տալով յուր կոկորդը։

— Ա՛ քիշի, չէ՞, ցըը՛ ցըը՛։

— Դու մեռնես, եթե սուտ ասեմ։

— Հապա նրան թողած, ինչի՞ դրան եկավ։

— Փահ, երեխա ե՞ս, հապա հե՞րը։

— Չուզե՞ց։

— Չէէ՛։

— Խեղճ աղջիկ, հիմա ով է իմանում, սիրտը բլթբլթըմ է։

— Հը՛մ, իսկի խոսք կա՞, չտեսար ինչպես սիրտը գնաց։

— Տեսա, ինչպես չէ, նրան էլ տեսա։

— Տղի՞ն։ Ամա նամարդ ընկերները լավ փախան հաա։

— Ես էլ չեմ հավատում, որ աղջիկը...

— Դու իսկի ջահիլություն չես արե՞լ։ Ադա՛, ջահիլ աղջիկ, ջահիլ տղա, հըմ, — ասաց երիտասարդը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։

— Աստված մի արասցե, Ռուստամը իմանա հա՛։

Երաժիշտները կրկին պարելու եղանակ հնչեցին, և խոսողները շտապեցին պարի հանդեսը։

Ռուստամի դեմքը թղթի գույն ստացավ, աչքերը վառվեցին, շրթունքները կապտեցին, ծնկները թուլացան, և քիչ մնաց թավալվեր դահլիճի հատակի վրա։

— Ի՞նչ եմ անում, տղամարդ չեմ, ի՞նչ է, — ասաց նա ինքն իրան, աշխատելով անտարբեր ձևանալ։

Նա բեղերը և շրթունքները կրծոտելով, մի քանի վայրկյան մնաց անշարժ։

— Չէ՞, էլի համբերություն է հարկավոր, կարելի է սուտ է, — ասաց նա կրկին ինքն իրան, — կարելի է այս մարդիկ նրանց թշնամիներն