Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են։ Համբերություն, յոթանասուն և երկու Ժամ համբերություն։ Տեր աստված, տուր ինձ կարողություն համբերելու։

Այս ասելով, Ռուստամը շտապեց դեպի հանդիսականները։

VIII

Հարսանիքի չորրորդ օրն էր և առավոտ։ Գյուլնազն և Բարխուդարը վաղուց արդեն զարթնել էին քնից։ Իսկ Սմբատը մյուս սենյակում դեռ ևս քնած էր։ Սովորականից դուրս այսօր նրան երկար միջոց չէին զարթեցնում քնից, թեև խանութ գնալու ժամանակն արդեն անցել էր։

Բարխուդարն, յուր մշտական ընկեր չիբուխը բերանը դրած, շարունակ ծխում էր, սենյակում հետ ու առաջ քայլելով։ Գյուլնազը պատուհանի դեմ նստած, նայում էր դեպի փողոց։ Երկու ամուսինների դեմքերն ևս արտահայտում էին խորին անհանգստություն։ Բարխուդարն ամեն անգամ ծխի քուլաները բերանից բաց թողնելուց հետո, դուրս էր թողնում կրծքից մի խուլ հառաչանք, որից հետո նա մի քանի վայրկյան կանգնում էր և յուր անորոշ հայացքը ձգում դեպի սենյակի առաստաղը։ Գյուլնազը ստեպ-ստեպ երեսը բոլորովին կպցնում էր լուսամուտի երկաթե վանդակի փեղկերին, կարծես, աշխատելով որքան կարելի է հեռու ու հեռու նայել։ Երբեմն Բարխուդարը մոտենում էր լուսամուտին և նույնպես անհամբերությամբ դեպի փողոց նայում։

— Չի՞ երևում, — հարցնում էր նա Գյուլնազին անդադար հազիվ լսելի ձայնով։

— Համբերի՛ր, համբերիր, այ մարդ, ինչ՛ է սիրտդ բերանդ ընկել... ո՛ւֆ, — խոսեց վերջապես Գյուլնազը։Շատ զարմանալի մարդ ես, ինքդ ասում ես․ «չեմ հավատո՛ւմ», էլի հենց չես հանգստանում։ Եկավ չեկավ մեկ չէ՞, ի՞նչ ես ոտքի ու ձեռքի ընկել։

— Քեզ ու ինձ համար մեկ է՛, բա խալխը՞, բա ինչո՞վ կկապես նրա բերանը։

— Տունը քանդվի էս ադաթը դնողի, տունը քանդվի հաա։