Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մռայլությունը, ինչպես հարսանիքի գիշերը։ — «Ախ, չար լեզուներ, չար մարդիկ, ինչ բաներ էիք հնարում մի անմեղ արարածի անունը կեղտոտելու համար», — կրկնում էր նա ինքն իրան։

Շըպպանիկի ուրախությունն անսահման էր։ Նա իրան համարում էր օրվա հերոսուհի, որովհետև խիղճը հանգիստ էր։ Անդադար մոտենում էր Սանամին և ուրախ-ուրախ քչփչում։ Ինչ էին խոսում նրանք, — այդ միայն իրանք գիտեին։ Սակայն Սանամի հարաբերության մեջ նշմարվում էր խորին շնորհակալություն դեպի Շըպպանիկը։ Հանգիստ էր նույնպես և Գյուլնազը։ Նա մի առանձին քնքշությամբ էր նայում Սուսանին։

Բայց ամենից ուրախ, գոնե ըստ երևույթին, էր Սուսամբարը։ Նա անընդհատ ծիծաղում էր, երբեմն ծափահարում, զանազան սրախոսություններ անում և հանդիսականներից սրան ու նրան ծաղրում։ Իսկ մանավանդ նա ակնարկում էր Շըպպանիկին, որ չէր կարողանում, ինչպես ինքն էր ասում, «լպստածի օֆտից գալ»։

— Շըպպանիկը որ կա, մի մեռել լվանող ժամհար է, — ասում էր Սուսամբարը, — ինչ մեռել որ ասեք, լողացնում է։ Մեռելն արքայություն կգնա, թե դժոխք, այդ նրա գործը չէ, միայն թե մեռելահախը ստանա։ Չէ՞, Շըպպանիկ։

— Լվացած մեռալներս չիմ արքայություն ան քինամ, — պատասխանեց Շըպպանիկը։

— Ինչպես չէ, հըմ, հիմա այնքան աներեսն ես, որ կասես թե Սուսամբարին էլ արքայություն ես ուղարկել։

— Հանց միջումն ես նստած քի, ա բախտավար։ Հիչ ա իլալ, մարդդ էլ փող, էլ դոլվաթ, էլ տուն, էլ տեղ, շիր ու շնորհք, ի՞նչն ա պակաս յարաբ։

— Մարդս հարուստ է, բայց մի կտոր բան կա, որ չի կարողանում առնել։ Դրան ի՞նչ կասես։

— Յարաբ նա հի՞նչ բան ա։

— Այ, այստեղ որ կա։

Սուսամբարն այդ ասելով, աջ ձեռը դրավ յուր ձախ կրծքին։

— Սիրտը՞դ։

— Հա, մի կտոր միս, որ մարդս չի կարողանում առնել ինձանից։