Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յարաբ, ումի՞ց կարող եմ մի դրուստ խաբար իմանալ, ո՞վ կասի ինձ։ Հայրապետին խոսեցնել չի լինում, Սեյրանի անունը տալիս նրա ջիները հավաքվում են։ էհ, յարադան աստված, էլի դու, էլի քո փեշիցն եմ բռնում, դու հախը նահախին չես տալ։ Իմ երեխաս մեղավոր չէր, նրանք փչացրին, խելքից հանեցին։ Սաբաբի տունը քանդվի յուր գլխին հա՛, քանդվի Սաբաբի տուն ու տեղը։

Եվ Մարիամ բաջին վերջին խոսքերն արտասանելու ժամանակ գլուխը կրկին բարձրացրեց, նայեց առաստաղին և աջ ձեռով մի քանի անգամ կրծքին զարկեց։ Այդ րոպեին նրա աչքերը, դեմքն և առհասարակ բոլոր շարժվածքը լցված էին խորին սրտմտությամբ։ Քանի որ Սեյրանը Շամախումն էր, քանի որ նա Մարիամ բաջու աչքի առաջն էր — Մարիամ բաջին սակավ անգամ էր դժթախտության հանցանքը ուրիշների վրա ձգում։ Նա մեղադրում էր յուր որդուն, նրան էր համարում բոլոր անցքերի գլխավոր պատճառը։ Իսկ եթե պատահում էր, որ Մարիամ բաջին մի ուրիշին մեղադրեր, այդ լինում էր այն ժամանակ, երբ Սեյրանին հանդիպած էր լինում մի նոր դժբախտություն, ինչպես այն առավոտ, երբ Սեյրանը գիշերով գինետանը թակվել էր։ Այժմ, երբ Սեյրանն օտարության մեջ էր, այժմ Մարիամ բաջին յուր որդուն անմեղ էր համարում և գրեթե անպայման անմեղ։ Այժմ նա հավատացած էր, որ Սեյրանը անբախտացել է ոչ յուր «գժությունների», այլ ուրիշների պատճառով։

— Ուֆ, Բարխուդար, — շարունակեց Մարիամ բաջին, կրծքին խփելով, — Բարխուդար, էս ժամաժամքին կուրծք եմ թակում ու աստված կանչում, որ նա քո հախին գա։ Հա, Բարխուդար, կնիկդ օրս ընկնի։ Հա, տափը փուշ դառնա, դու ոտաբաց լինես, ինչտեղ ոտ կոխես, քեզ ծակծակի։ Հա, կսկծալի հարայդ, դադ ու բիդադդ, աման ալլահդ երկինք բարձրանա, աստծու ականթին չհասնի։ Դու, դու, քյաֆթառ, դու էս օրին հասցրիր բալիս։ Հըմ, հիմա ի՛նչ ցավ է կպել քեզ։ Իսկի։ Հիմա բախտավոր աներ ես, փեսա ունես, կնիկդ պապար-պապար է անում առաջիդ, աղջիկդ զառ զառբոֆի, ոսկր ու արծաթի մեջ է ապրում։ Աղջկադ մի ձեռը եղում, մյուսը` մեղրումն է, էսօր էգուց էլ մինը կըցգնի, բաներդ էլ լավ կդրստվին։