Մի տարուց ավելի էր, որ նա դադարել էր գլուխը հինայով ներկելուց։ Նրա գլխի մազերը այժմ երկու գույն ունեին — արմատից սկսած մի մատնաչափ` ճերմակ, իսկ այս տեղից մինչև ծայրը` կարմիր։ Այդ մի տեսակ դաժանություն էր տալիս նրա դեմքին։ Նա մտածում էր յուր միակ զավակի մասին, մտածում էր, և նրա սիրտը կսկծում, որովհետև երկար մտածողությունից հետո ոչ մի ուրախալի եզրակացության չէր հասնում։
— էսօր դրուստ վեց շաբաթ է, որ նա գլուխ է վերցրել ու գնացել ղարիբություն, — ասում էր ինքն իրան Մարիամ բաջին հառաչելով։ — Ո՞րտեղ է գնացել, — ոչ ես գիտեմ, ոչ Հայրապետը, ոչ էլ մի ուրիշը։ Սեյրան, Սեյրան, թարթափիլ անեն բախտավոր մերերը, նրանք էլ տղա ունեն ղարիբ տեղերում, ես էլ ասում եմ, որ ունիմ։ է՜է, կյանքս մաշվել է, մի մազ դառել, էսօր էգուց նա էլ կկտրվի։ Երկնային թագավոր, արևս մայր է մտնում, էլի դու ինձ չես խնայում։ Ի՞նչ անեմ, էլի փառք քո զորութենին, էլի թող քո կամքը լինի։
Մարիամ բաջին մի հայացք ձգեց սենյակի առաստաղին և երեսին խաչակնքեց։ Հետո նա մի քիչ իրանից հեռացրեց բրինձի սկուտեղը, ձեռները ծալեց, դրավ քրսինի ծայրում և գլուխը դրավ կռների վրա։ Անցավ մի րոպե, նա գլուխը բարձրացրեց, սկուտեղը առաջ քաշեց և դարձյալ սկսեց ինքն իրան խոսել։
— Տերևը ծառից, մազը մարդու գլխից առանց քո հրամանի չի ընկնում, տեր աստված։ Ինչ լինում է, քո կամքովն է լինում, օրհնյալ լինիս դու և օրհնյալ լինի քո կամքը։ Ամենքին էլ բախտավորեցրիր, ամենքի բանն էլ դրստեցիր, ինչո՞ւ, յարաբ, ես ի՞նչ մեղավոր էի, որ դու ինձ էս օրին հասցրիր։ Ինչո՞ւ համար` յարաբ աստված, իմ տղին հեռացրիր ինձանից, գցեցիր չոլերը, քամբախտացրիր։ Ասա, ո՞րտեղ է նա, ի՞նչ գործի է։ Ինքն ասաց, թե մի տղի հետ ընկերացել է ու նրա հետ գնում է Ղուբա, որ լազգու շալեր առնի ու բերի էստեղ ծախելու։ Ի՞նչով է առնելու։ Հայրապետը փող չի տվել նրան, ինքն էլ տափ դատարկ էր, մին սև ղրուշ էլ մոտը չուներ։ Ինչքան ֆիքր եմ անում — բան չեմ հասկանում։ Ինքն ասում էր, որ Ղուբա է գնում, հիմա մեկն ասում է, Դերբենդումն է, մյուսը` Շուրումն է, մի ուրիշը` Պետրովսկումն է, էլ չգիտեմ ինչ։