Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՛նչ, հրես վազ կտամ։

— Իմանում եմ, դու շատ նեղացած ես, Մարիամ բաջի, բայց...

— Զեռ քաշիր, աստված սիրես, ձեռ քաշիր։ Չեմ իմանում, էլ Մարիամի ինչն է մնացել, որ դու նրա հետ բարեկամություն անես։ Գնա մտիր աղջկադ ծոցը ու բախտավոր ապրի, ինչ գործ ունես մեզ պես աստծու ու մարդու աչքից ընկածների հետ։

— Դուշմանս չլինի էնպես բախտավոր, ինչպես որ իմ աղջիկն է։ Հըմ, ցավերս չես իմանում։ Աղջիկս օրեցօր մոմի պես հալվում է, վախս նա է, որ շուտով ձեռքիցս դուրս գա։

— Մի վախիր, չի մեռնիլ աղջիկդ, հալա շատ ու շատ կապրի, տիզ կլինի ու պատին կկպչի, — պատասխանեց Մարիամ բաջին դառն հեգնությամբ։ — Կարելի է նշանածի ֆիքրն է անում. գրել տուր, որ գա, աղջկադ քեֆը կբացվի, — ավարտեց նա արհամարհական եղանակով։

— Հերիք է, Մարիամ բաջի, էդ խոսքերովդ էրված սրտիս աղ ես շաղ տալիս։ Խնայիր ինձ, ես իմանում եմ, որ դու կսկծալուց ես էդպես խոսում, բայց մեր օվհալն էլ իմացիր։

Գյուլնազն այս խոսքերն արտասանեց այնպիսի դառն և խղճալի ձայնով և այնպիսի վշտալի հառաչանք արձակեց, որ Մարիամ բաջու խիղճը մի վայրկյան արթնացավ։

Մարիամ բաջին ճրագը վառեց և մեջտեղ դրավ։ Մոմի աղոտ լույսը լուսավորեց Գյուլնազի ոսկրացած երեսը, սփրթնած այտերը, ցրտից կապտած շրթունքները և նիհարությունից ավելի ներս թաղված աչքերը։ Մարիամ բաջին մի քանի վայրկյան նայեց նրա երեսին, լուռ ու մունջ վերցրեց բրնձի սկուտեղը և գնաց խոհանոց։ Շատ չքաշեց, նա կրկին վերադարձավ, նստեց յուր առաջվա տեղը։

— Երեք օր է Սուսանս ինձ տանջում է յուր աղաչանք ու պաղատանքով, — սկսեց դարձյալ Գյուլնազը, — խնդրում է, որ քեզ մոտ գամ։ Մարիամ բաջի, երեսս չէր պատում, քաշվում էի։ Երեխաս ասում է. «Թող բաշխի ինձ Մարիամ բաջին, որ ես նրան էդքան չարչարանք եմ տվել։ էհ, չեմ իմանում, ինչ երեսով պիտի աստծու առաջ դուրս գամ»։ Տեսնում ե՞ս, Մարիամ բաջի, հիմակվանից էն կյանքի համար է ֆիքր անում երեխաս, այս բախտավոր լինել է՞։