Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թող մարդդ, Ռուստամը, որ հավատացած է, թե ես շառլատան եմ, թող տեսնի, ով է շառլատան։

Սեյրանը կրկին նստեց, քառորդ ժամի չափ գլուխը ձեռքերին հենած, մնաց անշարժ։ Հետո նա դարձյալ վեր կացավ տեղից և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ ավելի արագ և ավելի ամուր քայլերով։

— Արյունս գլխովս է տալիս, աչքերս մթնում են, երբ մտածում եմ, թե ինչեր են խոսում ինձ վրա ընկերներս։ Չէ, անպատճառ ես պիտի վրեժ առնեմ։ էլ ո՞ր օրվա ջահիլն եմ, որ այսօրվա օրն էլ իմ նամուսը չկարողանամ ցույց տալ։ Հա՛, վճռված է։ Ես դեռ Շամախումն եմ մտածել այս բանը, թե չե` էլ ինչո՞ւ համար եմ չոլերն ընկել, ինչո՞ւ համար եմ Շուրա եկել։ Բայց, տեր աստված, տեր աստված, ի՞նչպես հանեմ վրեժս, ի՞նչպես հաստատեմ, որ ես, որ ես...

Սեյրանը կրկին կանգնեց պատուհանի առաջ և սկսեց նորից դեպի դուրս նայել։ Հետո նա երեսը շուռ տվեց և մի քանի վայրկյան անթարթ աչքերով նայեց աղոտալույս կանթեղին։

— Հա՛, ինչպես հաստատեմ, որ ես․․․ որ ես․․․ նահլաթ քեզ, չար սատանա, — ասաց նա ճակատին մի ուժգին հարված տալով և հետո անգիտակցաբար նայեց մեջքին կապած դաշույնի կոթին, — ինչպես հաստատեմ, որ ես Սուսանի հետ սիրահարական կապ եմ ունեցել, ի՞նչպես...

Մի քանի անգամ նա ինքն իրան կրկնելով «ի՞նչպես, ի՞նչպես», կանգնեց օթևանի մեջտեղում և, աջ ձեռը դաշույնի կոթի վրա դնելով, իսկ ձախը — ճակատին, թաղվեց մտածողության մեջ։ Դարձյալ մի քանի րոպե էլ նա այդ դրության մեջ մնաց։

Երբեմն նա ձախ ձեռը ևս հեռացնելով ճակատից, դնում էր դաշույնի կոթի վրա և աչքերը հառում օթևանի առաստաղին։ Այդ ժամանակ նա, շրթունքները կրծոտելով, ստեպ-ստեպ արտասանում էր հատ ու կտոր խոսքեր, օրինակ — «աչքերը», «ուսը», «սև մազ», «կուրծքը» և այլն, և այլն։

Հանկարծ գլուխը քարշ ձգեց, ձեռները հեռացրեց դաշույնից և սառն օդի մեջ կրծքից արձակեց մի ծանր հառաչանք։ Կարծես, նրա ուսերից այդ հառաչանքի հետ միաժամանակ ընկավ մի ճնշող