Էջ:Shirvanzade I hator.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեյրանը մոտեցավ օթևանի պատուհանին և սկսեց նայել դեպի քարվանսարայի բակը։ Նրա անորոշ հայացքն անցնում էր բակում գտնվող մի առարկայից դեպի մյուսը։ Նա մերթ մտիկ էր անում դատարկ, փեյինաթաթախ սայլերին, որոնց մոտ կապած ձիերը, գլուխները մի մսուրի մեջ մտցրած, դարման էին ուտում, երբեմն խրխնջալով, մերթ մտիկ էր անում տախտակյա ծածկոցի կտուրին, որի տակ մի խումբ սայլապաններ, խարույկի շուրջը տաքանալով, խոսում էին ու ծիծաղում։ Մոտ քառորդ Ժամ նա մնաց այդ դրության մեջ։ Հանկարծ երեսը շուռ տվավ, ձեռները խաչաձև դարսեց կրծքին, գլուխը թեքեց դեպի աջ ուսը և սկսեց ինքն իրան խոսել։ — Ծնվեցի թե չէ, — այս աշխարհում մի բախտավոր, մի հանգիստ օր չտեսա և սպասում եմ, այսուհետև տեսնեմ։ Այսուհետև, երբ բանը բանից անցել է, երբ հույսերս մեռել են։ Չէ, որքան որ մտածում եմ, ուրիշ ելք չկա, բացի մեկից։

Արտասուքի կաթիլները դուրս գլորվելով նրա աչքերից և սահելով նիհար երեսով, թրջեցին նորաբույս միրուքը։ Նա հանեց արխալուղի գրպանից մի մեծ թաշկինակ և նրանով ցամաքեցրեց աչքերը։

— Մնացեք բարով, ծնողներ, մնաս բարով, մայր։ Նա ձեզ այնքան չարչարել է, որ լեզուն անգամ չի պատում ներողություն խնդրելու։ Քսան տարով դուք շուտ ծերացաք նրա պատճառով։ Ներեցեք և դուք, Բարխուդար, Գյուլնազ և Սմբատ, հա, նա ձեզ էլ շատ տանջեց։ Հա, Բարխուդար, նա քեզանից ներողություն է խնդրում, նա քո անունը իզուր տեղը Շամախում կոտրեց։ Ով որ լիներ քո տեղը, ուրիշ կերպ չէր կարող անել։ Հիմա Սեյրանը գիտե, որ այդ բոլորի մեղավորը ինքն է։ Սուսան, Սուսան, քեզ ի՞նչ ասի, քեզանից ի՞նչ երեսով ներողություն խնդրե։ Մեղքն այնքան ծանր է, որ ներողություն խնդրելն անգամ մի ուրիշ հանցանք կլիներ։ Բայց ի՞նչ անե։ Դու անպատճառ զոհվելու ես նրա չար ստախոսությանը, հըմ, ի՞նչ անե։

Հանկարծ գլուխը բարձրացրեց։ — է՛հ, վճռված է, էլ երկար մտածել հարկավոր չէ, փշրված ամանը չի կարելի սաղացնել, իսկ կոծկել նա չի ուզում։ Մնում է միայն մի միջոց, և այդ միջոցը նրա ձեռին է։ Ահա։