շարունակեն իրանց բարեկամությունը։ Իսկ Մարիամ բաջին չի ներում Սուսանին, նա չի ուզում հաշտվել։ Քանի-քանի անգամ Սուսանն յուր մորն ուղարկել է, որ նրան յուր մոտ բերի, բայց չի եկել։ Խեղճ կնիկ, եթե դու ամեն բան հասկանայիր, եթե դու Սուսանի ցավերն իմանայիր, կարելի է, որ քո որդին այսօր «օլքա-օլքա չընկներ»։ Ասում են, որ նա Շուրայումն է։ Ինչո՞ւ է գնացել, ի՞նչ գործ ունի այնտեղ։ Մազերը փշաքաղվում են, մարմինը զարզանդում է, երբ միտն է ընկնում, որ Սեյրանն այնտեղ կարող է Ռուստամին պատահել։ Հա, երկուսն էլ, երկուսն էլ կկործանվեն, տաքարյուն տղերք են։ Հազար անգամ երանելի կլիներ Սուսանը, եթե նրանց տեղը ինքը կործանվի։ Սեյրանը, երևի, ուզում է Ռուստամից հանել յուր վրեժը։ Բայց ինչո՞վ է մեղավոր Ռուստամը։ Տեր աստված, տեր աստված, հերիք է ինչքան Սուսանին պահեցիր, ա՛ռ այժմ նրա հոգին, ազատիր նրան վերջապես։
Սուսանը կռները հենեց ծնկներին և գլուխը դրավ ձեռների ափերի մեջ։ Եվ այդ ժամանակ նրա առաջ սկսեց պատկերանալ յուր անցյալը։ Նա մտաբերեց յուր մանկությունը, երբ Սեյրանի հետ ամառ օրերը գլխաբաց արեգակի տակ «տիկին-տիկին» էր խաղում։ Նա հիշեց երկրաշարժի օրը, երն ինքը Սեյրանի հետ մնաց հողի տակ։ Երանի, հազար երանի, եթե հենց այն օրը մեռներ, ինչո՞ւ նրան ազատեցիր, աստված։ Ինչո՞ւ։ Որ նա ինքն էլ չարչարվի, ուրիշներին էլ չարչարե՞, հաա՞։
Հետո Սուսանը մտաբերեց ուսումնարանական կյանքը, հիշեց դեղնած ու պշկած Հերիքնազին, որ օրական հինգ անգամ ստիպում էր յուր աշակերտուհիներին «Հայր մերը» կրկնել և ամեն անգամ ինքը, երեսը դեպի աղոթարան չոքած, ձեռները կրծքին ծալած, աղոթում էր, կապտած շրթունքները շարժելով։ «Մեռավ խեղճ կնիկը, գնաց այն աշխարհ, նրա հոգին հիմա արքայությունումն է։ Հա, երանի քեզ, կույս, որ դու այս ցավերը չես քաշել, աշխարհից հեռացած և աստծուն նվիրված»։
Այնուհետև Սուսանը մտաբերեց յուր ընկերուհիներին։ Սուսամբարն ասում է, որ ինքնասպանի հոգին առանց դատաստանի դժոխքն է ուղարկում։ Վայ Սուսանին, վա՜յ Սուսանին, սատանան