Էջ:Shirvanzade I hator.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քանի-քանի անգամ է ուզեցել նրան խաբել։ Սպանի իրան և բացի իրանից մի ուրիշ անմեղ անարատ հոգի՞, օօօ, այդ դժվար է, շատ դժվար է։

Ինքնասպանության միտքը սարսափեցրեց Սուսանին։ Նա այդ բանից վախեցած, բարձրացրեց գլուխը և սկսեց անգիտակցաբար նայել սենյակի առաստաղին։ «Ի՞նչ մեղք ունի այն փոքրիկ արարածը, որ դեռ նոր պիտի աշխարհ ընկնի»։

Մի քանի վայրկյան այս մտքով զբաղված, Սուսանը նայում էր առաստաղին։ Հետո նա գլուխը թեքեց կրծքին և կրկին սկսեց մտիկ անել յուր նիհարած ձեռներին։

— Չէ, շատ եմ մաշվել, — ասաց նա ինքն իրան, — շատ եմ մաշվել, սրտիս թրթռոցն էլ սաստկացել է։ Օրերով հաց չեմ ուտում։ Տեր աստված, տեր աստված, չէ՞ որ այդ էլ ինքնասպանություն է։ Դեհ հերիք է, հերիք է, ինչքան տանջեցիր, երեսդ ինձ դարձրու, մի՛ խռովիր գլխիս, աղաչում եմ...

Սուսանը չոքեց, դողդոջուն ձեռները պարզեց դեպի երկինք և սկսեց աղոթել։ Նա մահ էր խնդրում աստծուց։ Նրա կապտած, արյունաքամ շրթունքները ցնցողաբար դողդողում էին, նրա աչքերի մեջ փայլում էր խորին մռայլություն։ Երբ նա գլուխը վեր բարձրացրեց, երկար գիսակները թափվեցին նրա ոսկորացած ուսերի վրա։

Այդ դրության մեջ Սուսանը նմանում էր այն վանական անարատ կույսին, որ նյութական աշխարհից հրաժարված, ձգտում է հոգիանալ և համբարձվիլ երկինք, հոգիների սֆերան...


XV

Դարձյալ եկեղեցու զանգերը հնչեցին։ Քաղաքի հյուսիսային կողմում, դեպի Ղուբա քաղաքը տանող ճանապարհի վրա երևեցավ մի ձիավոր լեզգու շուլլահին գլխին սեղմած և սև յափունջու մեջ փաթաթված։

Ռուստամի ձին հոգնած էր և հազիվ կարողանում էր փոխել յուր ոտները։ Յոթներորդ օրն էր, որ նա Շուրայից դուրս էր եկել։