— Կգամ,— համաձայնվեց Ռոստամյանը։
Այրի Նատալիան մի ժամանակ շատ սիրում էր հյուրեր ընդունել և հյուր գնալ։ Ամուսնության առաջին տարիներում հազիվ անցնում էր մի օր, որ նա միայնակ մնար։ Քանի երիտասարդ էր, նա յուր ուրախ բնավորությամբ զգում էր ծանոթների և բարեկամների կարոտություն։ Բայց երբ դարձավ հարսնացու դստեր մայր, աշխատեց յուր ծանոթների շրջանն ավելի ընդարձակել, հանուն յուր միակ Կատոյի բախտավորության։ Նրա ամուսինը միջակ աստիճանի պաշտոնյա էր, ուստի նրա շըջանը բաղկացած էր պաշտոնյաների և մեծ մասամբ օտարազգի պաշտոնյաների ընտանիքներից։ Ինքն այրին աշխատում էր հարաբերություն ունենալ քաղաքի և՛ փողավոր դասակարգի հետ, դարձյալ հանուն յուր միակ Կատոյի բախտավորության։ Եվ, պետք է ասել, նա մասամբ կարողանում էր գրավել յուր տան վրա շատերի ուշադրությունը։ Պատճառը նրա բարեհամբույր բնավորությունն էր և մի փոքր էլ արտաքին արժանավորությունները։ Կար ժամանակ, որ Նատալիա Պետրովնային կարելի էր գեղեցկուհի համարել։ Նույնիսկ վերջին ժամանակ, չնայելով, որ մի կողմից ամուսնու և անդրանիկ որդու մահը, մյուս կողմից ժամանակը — միանգամայն թառամացրել էին նրա գեղեցկությունը — նրա բարձր հասակը, առողջ կազմվածքը, վառվռուն աչքերը, քաղաքավարի շարժվածքը և խոսելու բարեկիրթ ձևերը բավական բարձր էին պահում նրան յուր հասակակիցների շրջանում։
Աղջկա բախտը մի կերպ կարգավորելուց հետո, նա այլևս «պիկնիկներ» չէր սարքում, բայց սիրում էր երբեմն այցելել յուր ազգականներին և բարեկամներին։ Տաղտկությունից նա վերջին տարիները սկսեց խառնվել ուրիշների ամուսնական հարցերում — պսակել, նշանել։ Եվ երբեմն այսպիսի դեպքերում նա կատարում էր դրական դեր, դրդված անկեղծ և անշահ փառասիրությունից — մի փառասիրություն, որ հատուկ է այրիների և ամուսնացյալ կանանց մեծամասնության։ Միացնել յուր երիտասարդ կենողի վիճակը որևէ մի օրիորդի հետ — նա վաղուց էր մտադիր։ Շատ մայրեր այս մասին նրան բացորոշ ակնարկություններ էին անում։ Բայց Ռոստամյանի համառ մենասիրությունը բոլորովին զինաթափ