Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շնորհիվ Նատալիա Պետրովնայի հաջող և պարզ վարվողության, հյուրերը սկսեցին զվարճանալ — նույնիսկ Կատոն, որ, գեթ ակամա ուրախությամբ և ծիծաղով, ուզում էր նսեմացնել Վարվառեին։

Ամենից ավելի խոսում էր Մինաս Կիրիլլիչը։ Խոսում էր նա ոգևորված, անցնելով մի առարկայից դեպի մյուսը, քաղաքային հարցից — դեպի քաղաքականը, մասնավորից — հասարակականը։ Նա միջոց չէր տալիս Ռոստամյանին յուր մի հարցին պատասխանելու, առաջարկում էր մյուսն և բոլորին պատասխանում էր ինքը։ Նրա խոսակցությունից երևում էր, որ, բացի օտար երկրներից, նա ճանապարհորդել է և՛ Կովկասում, տեսել է շատ քաղաքներ։ Խոսում էր Անդրկովկասյան ազգերի մասին։ Վայրենիներ են բոլորը, Մինաս Կիրիլլիչի կարծիքով, նողայներից և թունգուզներից հեռու չեն գնացել իրանց քաղաքակրթությամբ։ Առանձնապես նա պախարակում էր յուր համազգիներին․ թշնամի էր մանավանդ հոգևորականության։

— Բացի երկուսից,— դարձավ նա Ռոստամյանին, որը թեև նայում էր ծերունու երեսին, բայց լսողությունը լարած էր դեպի Վարվառեի, այրիի և Կատոյի առանձին խոսակցությունը,— բացի երկուսից։

Մինաս Կիրիլլիչը մի քանի օրինակներ ևս բերեց Հաշտարխանի, Մոզդոկի, Մոսկվայի, Պետերբուրգի քահանաների կյանքից․ տգետ են, օտարների առջև իրանց չեն կարողանում լավ ցույց տալ։ Հետո նա անցավ վաճառականներին, փաստերով ապացուցեց նրանց խարդախությունները։ Հետո անցավ այլ և այլ դասակարգերին․․․

Ի վերջո, նա յուր դատողությունները կնքեց հետևյալ եզրակացությամբ։

— Ես շատ երկրներ եմ տեսել, շատ ազգերի հետ եմ գործ ունեցել, բայց հայերի պես համառ ժողովուրդ ոչ մի տեղ չեմ տեսել։ Ոչ, ոչ, պարոն Ռոստամյան, զուր եք հակառակում, ես շատ եմ փորձել, շա՜տ։