Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուռ նշանախոսության իմաստը։ Րոպեն խորհրդավոր էր, ամենքը լուռ էին․ միայն Նատալիա Պետրովնան անդադար կրկնում էր․

— Ճշմարիտ եք խոսում, Մինաս Կիրիլլիչ։

Բայց Մինաս Կիրիլլիչն այլևս չէր համարձակվում շարունակել։ Նա լուռ ու տխուր ծխում էր, յուր ալեխառն ընչանցքի միջով բաց թողնելով դեպի վեր թանձր ծխի մոխրագույն սյունակներ, աչքերը հառած սեղանի մի կետին։

Այրին շուտով ընդհատեց լռությունը, պարզամտությամբ խոսակցությունը դարձնելով այլ առարկաների վրա։ Նա սկսեց պատմել յուր նախկին կենողների մասին զանազան հետաքրքրական եղելություններ։ Խոսելով ռուսերեն լեզվով վայրիվերո, բայց խիստ բնական եղանակով, նա պատմեց մի քանի զվարճալի դեպքեր, որ և ամենքին ստիպում էին ծիծաղել։ Ի միջի այլոց, նա չխնայեց և՛ Ռոստամյանին, ծաղրելով նրա մենակեցությունը և տարօրինակ սովորությունները։ Վարվառեն լսում էր հետաքրքրությամբ, ստեպ-ստեպ ժպտալով Ռոստամյանի երեսին։ Մի անգամ նա ծիծաղեց, երբ այրին անեկդոտի բովանդակությամբ պատմում էր, թե ինչպես «ճգնավորը» մի երեկո հրավիրված է լինում իր իշխանավորի մոտ։

— Իրիկունը լվացվեց, հագնվեց, ես էլ ասացի, էհ, փառք աստուծո, մի անգամ գոնե վճռեց մի տուն գնալ։ Դուրս եկավ, գնաց․ տասը րոպե չանցած, մեկ էլ տեսնեմ հետ եկավ։ «Ի՞նչ կա, Ստեփան Գրիգորիչ»,— հարցնում եմ։ «Ոչինչ, ասում է, թաշկինակս չէի վերցրել, եկել եմ, որ վերցնեմ»։ Լա՛վ։ Թաշկինակր դրեց գրպանր, դուրս եկավ պատշգամբ, էլի ներս մտավ։ «Հը՞մ»,— հարցնում եմ։ «Վաղ է, ասում է, Նատալիա Պետրովնա, ամոթ է, որ այսպես վաղ գնամ»։ Շորերը հագին այնքան նստեց, հետս խոսեց, խոսեց, ուշացավ ու հետո ասաց․ «Հիմա էլ ուշացա, ամոթ է, որ այսպես ուշ գնամ»։ Չգնաց, ի՞նչ եք ասում, չգնաց։ Այս տեսակ մարդ տեսե՞լ եք աշխարհում, Մինաս Կիրիլլիչ։ Հիմա պատմեմ, թե ուրիշ տեղեր տարեկան քանի անգամ է գնում․․․ մեկ կամ երկու անգամ թատրոն, մի երկու անգամ էլ կլուբ, հետո մեծ պասը էլի սկսվում է․․․ Այ, ինչ տեսակ մարդ է մեր պարոն Ռոստամյանը,—