ավելացրեց այրին, բարեկամաբար ծիծաղելով յուր երիտասարդ կենողի երեսին։
Ռոստամյանը ներողամտաբար ժպտում էր նրա կատակների դեմ, թույլ տալով ասել ինչ որ ուզում է։
Արդեն բավական ուշ էր։ Վարվառեն հորը գլխով նշան արավ, թե ժամանակ է գնալու։ Ծերունին, որի թախծությունն արդեն անցել էր, դեռ տրամադրված էր երկար վայելելու Նատալիա Պետրովնայի զվարթ հյուրասիրությունը։ Ըստ երևույթին, նա զվարճություն էր զգում այս փոքրիկ շրջանում։ Այնինչ՝ Վարվառեն պնդեց, թե ժամանակ է գնալու և ինքը վեր կացավ տեղից։ Այրին ցավ հայտնելով, որ թանկագին հյուրերն այդպես շտապում են, ճանապարհ դրեց մինչև պատշգամբ և հրավիրեց, որ ամեն երեկո շնորհ բերեն։
— Հըմ, ո՞նց եք,— դարձավ նա Ռոստամյանին, հյուրերը գնալուց հետո։— Հավանեցի՞ք Վարվառա Մինայեվնային։
— Ոչ միայն հավանել է, երդվում եմ, որ մինչև անգամ սիրահարվել է,— խոսեց Կատոն ծաղրական եղանակով։— Ախ երիտասարդներ, երիտասարդներ,— ավելացրեց նա, զլուխն աջ ու ձախ շարժելով,— միթե կարելի՞ է այդպես շուտ հափշտակվել։
— Ո՞վ ասաց ձեզ, թե հավշտակվեցի,— գոչեց Ռոստամյանը տրտմտությամբ։
— Լա՛վ, լավ, իզուր մի՛ թաքցնեք։ Ամբողջ ժամանակ ես աչք չէի հեռացնում ձեզանից։ Ճշմարիտն ասած, մամա, ես չհավանեցի քո այդ գոված աղջկան։ Ի՛նչ է, կարծես թմրած լինի, կենդանության նշան չկա մեջը, մեկ էլ, որ շատ գոռոզն է երևում։ Ես ատելով ատում եմ ինքնահավան գոռոզներին։
— Ի՞նչ, Վարվառա Մինայեվնա՞ն է գոռոզ,— գոչեց այրին զայրացած,— երեսիդ խաչակնքի՛ր, Կատյուշա, նրա պես հասարակ, խոնարհ և սիրուն աղջիկ մեր Թիֆլիսում շատ քիչ կա, չկա էլ իսկի․․․
— Թիֆլիսում չկա՞, հա՛ հա՛ հա՛,— ծիծաղեց Կատոն ակամա,— Թիֆլիսում չկա՞։ Այ հազվագյուտ թռչուն։ Այդ դու և Ստեփան Գրիգորիչն եք հիացել, տեսնենք մի ուրիշ տղամարդ էլ կհիանա՞