Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր պատուհաններին և նայում դեպի դուրս, թե դեպի փողոց և թե դեպի գավիթ։ Շոգու գոլորշիներով ծածկված ապակիների միջով նրա աչքերը դրսում նշմարում էին միայն մի թանձր խավար։ Եվ այդ անընդմեջ խավարի մեջ անգամ նրա աչքերի առջևից չէր հեռանում մի լուսավոր աստղ — Վարվառեի թախծալի պատկերը։

Ինչո՞ւ նա տխուր է, ի՞նչ մի դառն վիշտ է դրոշմել նրա ճակատի վրա այդ մռայլ ստվերը։ Ո՛չ, ինչ ուզում է լինի, այդ օրիորդը մի հասարակ կին չէ․ նա մի տարօրինակ էակ է, որ բնավ չի նմանվում մյուս կանանց։ Կա նրա մեջ ինչ-որ մի անհասկանալի բան, որ հասարակ մահկանացվի տեսողությամբ ըմբռնել անկարելի է։ Որքա՜ն վեհություն, ազնվություն և, միևնույն ժամանակ, գրավիչ մի հրապույր են արտահայտում նրա ձայնը, շարժվածքը, նրա ամբողջ էությունը, անգամ նրա խորհրդավոր լռությունը։ Եվ որքա՜ն բարի և մեղմ տպավորություն է թողնում նա մարդու վրա, չնայելով յուր արտաքին սառնությանը, երբեք մի կնոջ ներկայությամբ Ռոստամյանն այնքան հոգեկան թեթևություն չի զգացել։

— Բայց այս ի՞նչ է, ինչո՞ւ չեմ կարողանում քնել,— ասաց նա, ընդհատելով յուր մտքերը,— կարծես թե սիրահարված պատանի եմ,— ավելացրեց նա, աշխատելով մտքում ծիծաղել յուր համեմատության վրա։

Իրավ, ինչո՞ւ նա այսքան հետաքրքրվում է այդ երիտասարդ կնոջով․ մի՞թե արդարև, նա, որի սիրտը մինչև այժմ չի բաբախել կնոջ համար, կարող է գրավվել այսպես շուտ, գրեթե հանկարծակի, գրեթե հետը չխոսած։ «Հապա, ինչո՞ւ չէ․ ի՞նչ զարմանալի բան կլիներ, եթե ես սիրահարվեի անգամ»։ — «Սիրահարվե՜լ»․․․ կրկնեց Ռոստամյանը, հեգնությամբ ժպտալով․․․ ո՛չ, ուշ է․․․ անցել է ժամանակը։ Անցե՞լ է․ մի՞թե երեսուն տարին տղամարդի համար կատարյալ մեռելություն է նշանակում։

Եվ այս հարցերը Ռոստամյանի մտքում զարթնելիս՝ բնականաբար մի հայացք ձգեց դեպի յուր անցյալը։

Ուշ գիշերը և հոգեկան տարօրինակ հուզումը մենակյացի առջև այդ — մինչև այժմ չի քննված — անցյալը պատկերացրին տխուր, դատարկ և մռայլ։ Նրա մանկությունն անցել է չքավորության