Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լծի ներքո, պատանեկությունը ծնողների վաղահաս մահվան խորին դառնության մեջ։ Իսկ հետո՞․․․ Ուսանողության սովատանջ օրեր, գիշեր ու ցերեկ հոգս մի փոր հացի համար, մտավոր աշխատանքի ներքո ճնշված, հեռու ուսանողների աղմկալի շրջաններից, հեռու հասարակությունից, հեռու մանավանդ կանանց սեռից, կապված միմիայն գրքերի և դասախոսությունների հետ։ Հետո՞․․․ Մի թեթև, կարճատև հեղաշրջումն, երբ նա ուսանողությունից անցնում է բուն կյանքի սահմանը։ Այնուհետև մի տարի ու կես անխոնջ ուսուցչի չոր ու ցամաք պարապմունք, ուղեղները մանկավարժական կանոններով ցանցոտված վարժապետների սահմանափակ շրջան։ Այնուհետև պաշտոնական մի զբաղմունք․․․ Եվ բոլորը միատեսակ, ձանձրալի տարիների մի շարք, երբ այս օրը նման է երեկվան, վաղն՝ այսօրվան։

Ինչո՞ւ մինչև այժմ այս հասարակ խորհրդածությունները չէին պաշարում նրա միտքը։ Ինչո՞ւ այս համր ինքնասպանության մեջ մի օր, մի ժամ նա չզգաց, թե, արդարև, Նատալիա Պետրովնայի փիլիսոփայությունը ճիշտ է․ «մարդ մի անգամ է ծնվում, ո՛չ թե երկու անգամ»։ Ինչո՞ւ նա գոհ էր յուր աշխատավոր կյանքի խաբուսիկ օգտավետությամբ։

Օգտավետություն․․․ Ումի՞ համար է արդյոք օգտավետ նրա կյանքը, ինչո՞ւ համար է նա տքնում գիշեր ու ցերեկ, ու՞մ ինչ օգուտ նրա պաշտոնական չոր ու ցամաք շարադրություններից։ Այնինչ՝ նա որքա՜ն արյուն է փչացրել և տակավին փչացնում է այդ բոլորի վրա։

Անկասկած, նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ ճակատագրի մի խաղալիք, բնության կատակներից մեկն, ուրիշներին զվարճացնելու համար ստեղծված մի մեքենա։ Դարձյալ ոչինչ, եթե այդ մեքենան գործեր մի հարատև փառքի համար, մի փառք, որ նրա անունը լսելի դարձներ գեթ կենդանության միջոցին․․․ Բայց նա մի հասարակ մշակ է և ուրիշ ոչինչ․․․

— Այո՛, այլևս ուշ է այս մասին մտածել,— ասաց նա լսելի ձայնով, կանթեղի առջև կանգնած։

Սակայն ինչո՞ւ հուսահատվել։ Եթե, իրավ, անցել է նրա կյանքի պահը, ապա ինչո՞ւ այս զգացմունքները խավար գիշերվա մեջ