կրոնի խստությունը։ Անցնե՞լ, արդյոք, այս վիհը։— Ո՛չ, «նա» չի կարող, իսկ ես չեմ համաձայնվիլ։
Նա հագուստը հագին դարձյալ պառկեց։ Սակայն ուղեղի րոպեական խաբուսիկ սառնությունը չազդեց բորբոքված սրտի վրա։ Նրա գլխում պտտում էր այրիի պատմությունը, աչքերի առջև — Վարվառեի տխուր կերպարանքը։ Իսկ քունը, հոգեկան տանջանքների այս ժամանակավոր դարմանը, խույս էր տալիս նրանից։
Երկար միջոց նա հայացքն ուղղած էր սենյակի առաստաղին, մինչև որ մի տեսակ նիրհ տիրեց նրան։— Այդ — քնի և արթնության միջին սահմանն էր, ուր պտտում էր նրա հոգին։ Նա մերթ ընդ մերթ բաց էր անում աչքերն և տեսնում էր առաստաղի վրա կանթեղի աղոտ լուսու կոլորաձև ցոլացումը, իսկ երբ փակում էր աչքերը — տեսնում էր այլ բաներ։ Ահա Վարվառեն, նա կանգնած է մի ճահճի եզրում, համեստ, մաքուր, անմեղ։ Ճահիճը լիքն է կռնչող գորտերով։ Վարվառեն փակում էր ականջները, որ նրանց անախորժ ձայնը չլսի։ Գորտերը դուրս են գալիս ճահճի միջից, փաթաթվում են նրա ոտներին, մաքուր հագուստի փեշերին։ Ռոստամյանը նայում է հեռվից զարհուրանքով։ Նա գիտե, որ երազ է, ուզում է զարթնել․․․ և զարթնում է։ Ո՞րտեղ է նա։— Յուր սենյակում, յուր անկողնակալի վրա պառկած։ Իսկ այն կոլորակ դեղնագույն շրջանը կանթեղի լուսո ցոլացումն է։
Նա դարձյալ աչքերը փակում է, և դարձյալ նա կանգնած է ճահճի մոտ։ Նա տեսնում է Վարվառեին, գլխիկոր մոտենում է նրան, գրկում է, որ ճահճից հեռացնի։ Այս անգամ նա յուր հետևից լսում է Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Նա կրկին սթափվում է երազից, աչքերը բաց է անում․․․
Ցերեկվա լույսն արդեն թափանցել էր ներս։
— Սամովարը բերել եմ,— լսեց նա մի ծանոթ ձայն,— թողեք, ձեր կոշիկները հանեմ, որ սրբեմ։
— Դա Պետրեն էր, որ թեքվում էր Ռոստամյանի կոշիկները հանելու։ Ռոստամյանը նայեց նրա վրա և նոր միայն նկատեց, որ հագուստով էր քնել։ Նրան թվաց, որ Պետրեն ծիծաղում է յուր մտքում իրան։ Եվ, արդարև, Ռոստամյանը չէր սխալվում․․․