Իսկ ա՞յժմ․․ ա՞յժմ ինչ է ուզում նա յուր հայրական կամքով անբախտացրած արարածից։ Միթե՞ մի ձեռով տված վերքը կամենում է մյուս ձեռով բուժել։ Եվ ի՞նչ դեղերով։— Աշխարհի ունայն շուքը օտար երկրներում նրան ցույց տալո՞վ։ Մի՞թե նա այնքան միամիտ է, որ կարծում է, թե մի երիտասարդ կնոջ ամայի սիրտը կարող է լիանալ կյանքի լոկ արտաքին շքեղությունները տեսնելով։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ։ Կենդանի մատաղ սիրտը մի երաժշտական գործիք չէ, որ հնչի այն եղանակն, ինչ որ կամենում է մի ուրիշի կամքը, լինի ույդ ուրիշը հարազատ հայր և տասն անգամ ավելի սիրող հայր։ Այդ հակառակ է բնությանը։
Ծերունին բռնակալ է։
— Բռնակալ է, բայց ի՞նձ ինչ․․․— գոչեց հանկարծ Ռոստամյանը, ծանրացած գլուխը բարձի վրայից բարձրացնելով և աջ ձեռը ճակատին դնելով։
Եվ ճշմարիտ, նա ո՞վ է, ի՞նչ իրավունքով է դատապարտում այդ ծերունուն, և ո՞ւմ պատճառով։ Մի հասարակ ծանոթի, մի հասարակ կնոջ պատճառով, որի հետ ընդամենը երկու ամիս չկա, որ ծանոթացել է։ «Մի դրացի կի՞ն, մի հասարակ ծանո՞թ»։ Այսպե՞ս է, արդյոք ճի՞շտ է, որ Վարվառեն նրա համար սրանից ավելի մեծ և խորհրդավոր նշանակություն չունի։ Իսկ այն երկար խոսակցություննե՞րը, ախորժելի վիճաբանություննե՞րը, իսկ նրա իմաստալի հայացքնե՞րը, ժպիտնե՞րը, հառաչանքնե՞րը։ Իսկ այն երեկոյան խոսակցության նյո՞ւթը, նրա գաղտնի ոգևորությո՞ւնը մի վիպական չարաբախտ հերոսի մասին, որի դրությունն այնքան կարող էր մոտիկ լինել Ռոստամյանի դրությանը։ Սպասեցե՛ք։ Ոչ, ոչ, այստեղ թաքնված է ավելի խորին գաղափար, քան թե կարող է գտնել լոկ սառն դատողությունը։ Սակայն այլևս ուշ և ավելորդ է այս մասին մտածել։
— Եվ ոչ միայն ուշ է, այլևս անկարելի,— շարունակեց Ռոստամյանը վճռական եղանակով, մի քանի րոպե ևս լուռ մտածելուց հետո։— Ինձ մնում է մոռացության տալ նրա կերպարանքն և շարունակել իմ տխուր մենավորությունը։ Եթե կա մի կայծ, պիտի շուտով հանգցնել այդ կայծը։ Իմ և նրա մեջ բացվեց մի խոր անդունդ — հասարակական նախապաշարմունքն և քրիստոնեական