Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կրկին մտնեմ այն դժոխքը, որտեղից դուրս եմ եկել․․․

— Գոնե ի՛նձ խնայիր, սիրելի Վարիա, տեսնո՞ւմ ես,— հուզված ձայնով պատասխանեց Մինաս Կիրիլլիչը, ձեռով դարձյալ ցույց տալով ալեզարդ գլուխը։

Վարվառեն երեսը շուռ տվեց, որ թաքցնի յուր արտասուքը։ Հայրը խրախուսվելով, առաջ տարավ յուր հորդորանքը։

— Եթե ուրիշներն իսկական պատճառներն իմանային և հետո խոսեին, ես այսքան չէի տանջվիլ, հասկացի՛ր, Վարիա։ Բայց ո՞ր մեկին հավատացնեմ, ո՞ր մեկին, թե Միզանդրոնցովը վատ մարդ է, թե մեղավորը միմիայն նա է, թե նա քո մի եղունգին չարժե։ Ո՞վ է ուշադրություն դարձնողը, ո՞վ։ Դու ասում ես, թե հասարակությունն իրավունք չունի քեզ ստիպելու, որ կրկին այն դժոխքը մտնես։ Հասկանում եմ, Վարիա, քո ասածը, շատ լավ եմ հասկանում։ Բայց ո՞ւմ կարող ես համոզել, թե ոչ ոք իրավունք չունի ուրիշի վրա, թե ոչ ոքի իրավունքը չէ ուրիշների ընտանեկան գործերի մեջ խառնվիլը։ Հասարակությունն ասում է․ ահա աստծու հրամանը, քրիստոնեական պատվերը և մարդկային օրենքները, հպատակվի՛ր նրանց, իրավունք չունիս չհպատակվելու, կին ես, ասում է, պիտի ապրես եկեղեցական օրենքով պսակված մարդուդ հետ։ Ահա, Վարիա, մարդիկ ինչ են պահանջում, և ուրիշ ոչինչ, ոչինչ չեն ուզում լսել․ դու ես մեղավորը, թե Միզանդրոնցովը — այդ միևնույնն է․․․

— Բավական է, պապա, ես շատ ցավում եմ միայն նրա համար, որ դուք իմ պատճառով ամեն օր ինքներդ ձեզ այդպես տանջում եք։ Երանի թե ես էլ իմ մյուս քույրերի և եղբայրների հետ մանուկ հասակումս մեռնեի, կամ ծնված չլինեի։ Գոնե ա՛յժմ թող աստված ձեզ ինձանից ազատի։

— Լռի՛ր, Վարիա, այդ խոսքերով դու ինձ ավելի վշտացնում ես․․․

Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ լուռ էին։ Հետո հայրը նորից սկսեց հորդորել աղջկան և, երբ տեսավ, որ այլևս Վարվառեն ոչինչ չի խոսում, հայտնեց, թե ինքը մտադիր է այսօր անպատճառ