Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր հասարակական պատվասիրության հետ։ Եվ առաջինը հաղթեց։ Հայրն արագ քայլերով մոտեցավ հեկեկող աղջկան և գրկեց։

— Վարիա, Վարինկա, այդպես մի՛ անիլ, դու երեխա չես, որ լալիս ես․․․ Բավական է․ գիտես որ քո արտասուքը տեսնելու սիրտ չունիմ․․․ քո լացն արտասվել է տալիս և խեղճ մորդ յուր գերեզմանի մեջ։ Վե՛ր կաց, Վարինկա, ների՛ր, լա՛վ, տեսնո՞ւմ ես, որ ես այլևս չեմ խոսում։ Ե՞ս, ե՞ս քեզանից ձանձրանամ․․․— Հավիտյան։ Ո՜վ է մնացել ինձ համար այս աշխարհի երեսին, որ քեզանից էլ զրկվեմ․․․

Նա երկու ձեռներով զգուշությամբ բարձրացրեց դստեր գլուխը, գրկեց ու մի քանի ջերմ համբույրներ դրոշմեց նրա ճակատին և արտասվաբուխ աչքերին։

— Հանգստացի՛ր, որդի, տեսնում ես, որ հայրդ աղաչում է քեզ։ Լա՛վ, ի՞նչ անեմ, հետո ինքդ կմտածես և ինչ որ խելքդ դասի, այն կանես։ Դեհ, այժմ գնա, երեսդ սառը ջրով լվացիր․․․ գլուխդ կցավի, դու ջղային ես, կհիվանդանաս։

Վարվառեն, աչքերը սրբելով, հանդարտությամբ ազատվեց հոր գրկից, վեր կացավ տեղից և տխուր նստեց աթոռի վրա։

— Այդպես, սիրելիս, հանգստացի՛ր․ մի՞թե ես քո թշնամին եմ, որ վատդ ցանկանամ։ Ո՛չ, Վարվառե, ինձ դու դեռ չես ճանաչում։

Այս սրտաշարժ տեսարանից հետո, Մինաս Կիրիլլիչն, արդարև, մի առ ժամանակ հանգիստ թողեց աղջկան և ոչինչ չէր խոսում Միզանդրոնցովի վերաբերությամբ։ Սակայն Վարվառեն նկատում էր, որ հայրն, այդ օրից սկսած, ավելի մտախոհ է դարձել, թեև նրա հարաբերությունը տակավին չէր փոխվում։ Ծերունին միայն առաջվանից ավելի հաճախ էր տնից դուրս գալիս և ստեպ-ստեպ Վարվառեին ևս թախանձում էր` յուր հետ միասին գնալ զբոսնելու։ Նա տանը միայնակ մնալ չէր կարողանում, լրագրերն անգամ առաջվա նման չէին զբաղեցնում նրան։ Սիրում էր նա Վարվառեի հետ խոսել յուր անցյալի մասին, երիտասարդությունից զանազան անցքեր էր պատմում, թե ինչպես յուր հասարակ կրթությամբ նա սկսել է օրըստօրե առաջ գնալ կյանքի մեջ,