Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


թե ինչպես ինքն իրան համար ուժով ճանապարհ է հարթել։ Նա եղել է առաջ մի հասարակ գրագիր, հետո մի փոքրիկ գումարով տերունական մի փոքրիկ կապալ է վերցրել, հետզհետե հարստացել է, հետո դարձյալ աղքատացել է և դարձյալ աստուծո կարողությամբ, ոտքի է կանգնել։ Թե հարյուր մանեթ փող է ունեցել, կեսը ծախսել է հարսանիքի համար, մյուս կիսով գործերն է շարունակել։ Թե հետո ինչպես ամենքը սիրելիս են եղել նրան, օգնել են, բարձրացրել են նրա առևտրական վարկը նախ Մոզդոկում, ապա Մոսկվայում։ Ընտանեկան դժբախտությունները — կնոջ և զավակների վաղաժամ մահը — նրան հուսահատեցրել են․ նա սկսել է զզվել յուր գործերից և թողել է փող վաստակելու պարապմունքը։ Այժմ, թեև նա հարուստ չէ, բայց ինչ է անում հարստությունը․ Մոզդոկում երկու տուն ունի և նրանց եկամուտը բավական է, որ նա անգործ ապրի յուր աղջկա հետ, միայն թե․․․ աղջիկը․․․

Բայց այստեղ Մինաս Կիրիլլիչը կանգ էր առնում և չէր շարունակում։ Երբեմն նա միայնակ գնում էր այրիի մոտ, երկար ժամանակ մնում էր այնտեղ։ Եվ Վարվառեն զգում էր, որ նա յուր ցավերը պատմում է Նատալիա Պետրովնային, ըստ որում Մինաս Կիրիլլիչը միշտ այրիի մոտից վերադառնում էր ավելի թեթևացած սրտով, զվարթ դեմքով, աչքունքը բաց։

VI

Նույն օրերը Ռոստամյանը, սեղանի մոտ նստած, զուր ճգնում էր յուր մտատանջությունը մոռանալ աշխատության մեջ։ Չարագուշակ գիշերից հետո, նա հանգստություն չուներ։ Զուր նա վճռեց, Նատալիա Պետրովնայի պատմությունը լսելուց հետո, վերջ տալ յուր հոգեկան պատերազմին, զուր երդվեց հավիտյան մոռացության տալ Վարվառեին։ Ընդհակառակը, վերջինի կերպարանքն, անբաժան ստվերի պես, հետևում էր նրան ամեն տեղ և ամեն վայրկյան։ Նա ոչ միայն գործելու ուժ և ցանկություն չէր զգում յուր մեջ, այլև մի տեղ խաղաղ նստել չէր կարողանում։ Սենյակների