Էջ:Shirvanzade I hator.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաստաղը, կարծես, ճնշում էր նրա հոգին․ ստեպ-ստեպ նա դուրս էր գալուս պատշգամբ կամ փողոց և շուտով վերադառնում։ Մի ցանկություն նրա մեջ օրըստօրե զորանում էր — ինչպես ևիցե, ուրևիցե․ առանձին տեսնվել Վարվառեի հետ։ Եվ նա հուսով էր, որ քաջություն կունենա երես առ երես խոսակցել անբախտ կնոջ հետ նրա արդի վիճակի մասին և յուր «անկեղծ, եղբայրական» ցավակցությամբ մխիթարել նրան։ Դարձյա՜լ երիտասարդական կույր ինքնախաբեություն։

Բայց ո՞րտեղ Ռոստամյանը կարող էր առանձին տեսնել Վարվառեին։ Անմիջապես այցելել նրան, երբ հայրը տանը չէ — կլիներ հանդգնություն, գոնե այսպես էր կարծում Ռոստամյանը։ Օրական մի քանի անգամ նա պատշգամբի վրա տեսնում էր Վարվառեի տխուր և խոհուն կերպարանքը։ Արդյոք, կամենո՞ւմ է նա վերջ տալ յուր երկդիմի կացությանը, արդյոք չի՞ մտածում, որ մի չափազանց համարձակ քայլ է գործել հասարակական նախապաշարմունքների դեմ կամ մի գուցե արդեն, զղջալով յուր արածի մասին, մտադիր էր կրկին ընդունել ատելի լուծը։

Այս խորհրդածությունների մեջ Ռոստամյանը մի օր, տուն վերադառնալու ժամանակ, պատահեց Մինաս Կիրիլլիչին։ Ծերունին կանգնած էր Դվարցովայա փողոցի մագազիններից մեկի առջև և, կարծես նայում էր դեպի ներս։

— Դրացի, բարև,— ասաց Մինաս Կիրիլլիչը, ձեռը մեկնելով Ռոստամյանին։— Այս հայտարարությունն էի կարդում,— ավելացրեց նա, մատով ցույց տալով մի տպագիր մեծ թերթ, որ դրած էր մագազինի պատուհանում։— Վաղը բարեգործական նպատակով նվագահանդես է, ուզում եմ Վարվառեի համար տոմսակ վերցնել․ մեծ պաս է, թատրոն չկա, իսկ նա երաժշտություն շատ է սիրում։ Դուք գնալո՞ եք։

— Այո,— արտասանեց անգիտակցաբար Ռոստամյանը, որ մտադիր չէր որևէ նվագահանդես գնալու։

Նրանք միասին մտան մագազին, ուր սովորաբար վաճառվում էին բարեգործական ներկայացումների համար տոմսակներ։ Ծերունին վերցրեց առաջին կարգից երկու բազկաթոռ, իսկ Ռոստամյանն յուր համար վերցրեց հետին աթոռներից մեկը։ Դուրս գալու