Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուշադրությունը չխանգարելու համար, յուր տեղը չգնաց, այլ ամբողջ ժամանակ կանգնած մնաց դռների առջև։

Այս անգամ ջութակի վրա նվագում էր մի երիտասարդ։ Հետո դուրս եկավ մի ուրիշը, կուրծքը դուրս ցցեց, գլուխը բարձրացրեց և սկսեց անգիր կարդալ մի ինչ-որ ոտանավոր տխուր բովանդակությամբ։ Նա ոգևորվեց, ձեռը զարկեց կրծքին և աղերսալի դեմքով դարձավ հասարակությանը, ցածր ձայնով մի քանի խոսք արտասանեց, գլուխ տվեց և հեռացավ։

Բեմը դատարկվեց, դահլիճում դղրդոցը հանդարտվեց, տիրեց մի խուլ շշնջյուն։ Երևեցավ մի ամրակազմ, բարձրահասակ կին, սպիտակ հագուստով և գլուխը զարդարած երկու մեծ սպիտակ արվեստական գեղեցիկ ծաղիկներով։ Բարձրացան միահամուռ ծափահարություններ, լսվեցին «bravo»-ներ։ Դա մի բավական նշանավոր օտար երգչուհի էր, ժամանակավորապես եկել էր Թիֆլիս և այդ օրը բարեհաճել էր մասնակցել բարեգործական երեկույթին։

Երեկույթի կարգադրիչներից մեկն երգչուհուն նվիրեց թարմ ծաղիկների մի ահագին փունջ։ Տիրեց խորին լռություն։ Ռոստամյանը նայեց գլուխների այդ խիտ բազմության վրա — ճաղատ գագաթներ, սևամազ, տափակ ծոծրակով հայկական գլուխներ, կանացի զարդեր, անընդհատ շարժվող հովհարներ և այլն — այս բոլորը հարյուրավոր մոմերի լուսավորության ներքո, նրա աչքում ներկայացնում էր մի անընդմեջ խառնուրդ։

Դաշնամուրի մի թեթև նախերգանքից հետո, երգչուհին գլուխը հետ թեքեց և աչքերը հառեց առաստաղին։

Նրա ձայնը հնչեց նախ, կարծես, կոշտ եղանակով, ապա մեղմ, ներդաշնակ, հետո բարձր ու բարձր։ Եվ նրա առողջակազմ ու լայն կրծքից սկսեցին բխել մետաղաձայն խառն հնչյուններ, որ անլսելի էին դարձնում դաշնամուրի ձայնը։

Այս անգամ միայն Ռոսաամյանի ուշադրությունը գրավվեց դեպի բեմ։ Սկզբում երգչուհու ձայնը նրա վրա ոչինչ ազդեցություն չէր անում։ Հետո նա աշխատեց այդ անկանոն հնչյունների մեջ գտնել այն դյութական զորությունը, որ նույն րոպեին գրեթե կաշկանդել էր հարյուրավոր ամբոխի լսելիքը։ Հանկարծ երգչուհին մի ձեռը գրեց կրծքին, գլուխը մեղմիկ ծռեց դեպի աջ ուսն, և աչքերը