թե, բավական հարուստ, սակայն մի հասարակ վաճառական, Լազար Մակարիչը, հարկավ, պիտի գնահատեր Կատոյին, որի մայրն իշխանական ցեղից էր, որի հայրը պաշտոնյա էր և որն երգում էր, նվագում էր և հասարակական հանդեսներում պարում էր ընտիր «կավալերների» հետ»։
Այս բոլորն երկնից պարգևած մի անփոխարինելի բախտավորություն էր նախկին հավլաբարցու համար, որ մի ժամանակ մարդկանց մեջ որոշվում էր լոկ «քաչալ Լազարե» մականունով։ Հենց վերջին ժամանակներում ևս շատերն այս մականունով էին կոչում նրան, բայց հեռվից-հեռու, ո՛չ երես առ երես։ Հակառակ դեպքում, հանդգնողը կպատժվեր Կատոյի զորավոր լեզվից։ Անախորժ մականունը Մակարիչի ճակատին հիշելու արտոնությունը տակավին պահում էր ինքը Կատոն։ Եվ պիտի ասել, որ հենց միայն այս արտոնությունը բավական էր, որպեսզի Կատոն ստիպեր Մակարիչին՝ մոռանալ յուր բնական «զզվելի ժլատությունը», ինչպես ասում էր Կատոն, մոռանալ — միմիայն կնոջ քմահաճություններին հագուրդ տալու համար։ Արդարև, Լազար Մակարիչն յուր հարստությունը չէր խնայում Կատոյի զարդ ու պչրանքի համար։ Եվ նույնիսկ այրի Նատալիան այս պատճառով բավական հարգում էր յուր փեսային, թեև մտքում նրան շատ էլ արժանավոր ամուսին չէր համարում, քանի որ, նրա կարծիքով, Մակարիչը բոլորովին «անկիրթ» էր, Կատոյի պես «կրթված» կնոջ համեմատությամբ։
Ինչ վերաբերվում է այն բանին, թե Թիֆլիսում աղքատ ու այրի զոքանչները հաճախ ապրում են իրանց հարուստ փեսաների հաշվով, այս կողմից Լազար Մակարիչն ապահով էր։ Նախ, Նատալիա Պետրովնան չքավոր չէր․ նա, գիտենք արդեն, յուր ամուսնուց ժառանգած ուներ սեփական տուն և ինքն ու որդին ապրում էին այդ տան եկամուտով։ Երկրորդ, նա հպարտ էր յուր փեսայի վերաբերմամբ։ Բավական էր, նրա կարծիքով, որ Կատոյին պսակել էր առանց որևէ օժիտի, այդ մի դժվար բան էր Թիֆլիսի նման քաղաքում, ուր փեսացուներր ձեռք են բերվում փողով, բառի բուն նշանակությամբ։ Ուստի շատ անգամ, փողի կարոտություն ունեցած ժամանակ, այրին բարվոք էր համարում «ձեռապարտ» վերցնել