Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռոստամյանից, որ միշտ տալիս էր ուրախությամբ, քան թե Լազար Մակարիչից, որ մինչև ձեռը դեպի գրպանը տանելը, հոնքերը կիտած, մի րոպե մտածում էր։

— Բարով եք եկել, Լազար Մակարիչ,— այս խոսքերով դիմավորեց այրին յուր փեսային պատշգամբի ծայրում։

— Եկա, վերջապես, հը՛մ, տխրո՞ւմ էիք առանց ինձ, Նատալիա Պետրովնա,— գոչեց Լազար Մակարիչը, թեքվելով, որ համբուրե զոքանչի փափուկ աջը։

— Ո՞նց չէ։ Ե՞րբ եք եկել։

— Մեկէլ օրը։

— Լա՛վ փեսա եք,— հանդիմանեց այրին,— մեկէլ օրն եկել եք, այսօ՞ր եք միտք բերել ինձ։

— Մեկ էլ օրր դադրած էի, չկարողացա գալ․ երեկ էլ Կատոն կանգնեց, թե գնանք կոնցերտ։ Խոմ գիտեք, Նատալիա Պետրովնա, որ ես Կատոյիս խոսքից չէի կարող դուրս գալ։ Երեկ ցերեկով էլ խիստ շատ գործեր ունեի։ Ուղի՞ղ եմ ասում, Կատո։

— Ճշմարիտ է։ Բայց, տե՛ս, մամա, քեզ համար ինչ նոր-նոր համբավներ ենք բերել երեկվա կոնցերտից։ Դեռ սպասիր, կպատմեմ։ Լազրո կապոցը բաց արա ու գնած կտորը ցույց տուր մամային, տեսնենք, հավանո՞ւմ է։

Լազար Մակարիչը, սպիտակ թաշկինակով լերկ ճակատը սրբելուց հետո, բաց արավ կապոցը, հանդիսավոր կերպով դուրս բերեց մի ասվյա կտոր և տվեց Նատալիային։

— Ի՜՛նչ լավն է, ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ,— գոչեց այրին, պարզ-մեխակագույն ծաղկանկար նուրբ կտորը բռնելով դռան լուսի դեմ։

— Լազար Մակարիչ Բեզիրգանովն յուր Կատոյի համար երբեք վատ կտոր չի առնիլ,— ասաց Կատոյի ամուսինը պարծանքով և ձեռը մեկնեց, որ մատի ծայրով շոշափե յուր կողակցի այտը, բայց զոքանչից ամաչեց և հետ քաշվեց։

— Ո՞վ պիտի կարի,— հարցրեց այրին— խոմ, հիմա զատկամոտ է, շվեյկաները խիստ շատ գործ ունին։

— Շատ հո՛գս եմ անում նրանց գործի մասին,— գոչեց Կատոն արհամարհանքով։— Ապրի Լազոն, մեկի տեղ — երկու, երեք կվճարի, և ո՛վ ասես, մի քանի օրում կպատրաստի։