չստիպեի, Վարվառեն բնավ չէր գնալ նրան։ Նա չէր սիրում Միզանդրոնցովին, այս հայտնի էր ինձ։
Բայց Մինաս Կիրիլլիչը, հուսալով, որ ամուսնական կյանքը վերջ ի վերջո նրանց հարաբերությունների մեջ կմտցնի եթե ոչ սեր, գոնե հարգանք և, հափշտակված Միզանդրոնցովի ապագա հարստությունով ու հասարակական դիրքով, սիրտ արավ յուր անմեղ և միակ դստեր բախտը հանձնել նրա ձեռքը։
Գիշեր ու ցերեկ այս միտքը հետևում էր Մինաս Կիրիլլիչին։ Վարվառեի տխուր կերպարանքը մի կենդանի հանդիմանություն էր նրա ծնողային սխալ ինքնասիրությանը։
— Ես շտապեցի, շատ շտապեցի,— կրկնում էր նա հաճախ իր մտքում, խորին վշտակցությամբ նայելով Վարվառեի երեսին։
Բայց անցյալը վերադարձնել անհնարին էր, մնում էր — մտածել ներկայի մասին։ Ի՞նչ պիտի անել ներկայում։ Նա գիտեր, որ Վարվառեն մի տարվա բացակայությունից հետո, դարձյալ ատում է Միզանդրոնցովին։ Սակայն, այնուամենայնիվ, հույս ուներ հաշտեցնել այս երկու ծայրահեղությունները և թե՛ Վարվառեի, թե յուր անունն ազատել չար լեզուների բամբասանքից — մի հանգամանք, որ նրան տանջում էր ավելի, քան աղջկա դժրախտությունը։
Այս պատճառով, Մոսկվայից հեռանալուց հետո, նա Մոզդոկից նամակ գրեց Միզանդրոնցովին, խնդրելով, որ սա թողնի յուր թշվառ սովորությունները և հաշտվի օրինական կնոջ հետ։ Երկու ամիս անցած միայն ստացավ յուր նամակի պատասխանն, ուր անարգ ամուսինն երդվում էր, թե միշտ սիրել է Վարվառեին, իսկ այժմ կրկնապատիկ է սիրում, թե պատրաստ է դարձյալ հաշտվել, եթե միայն Վարվառեն արժանի կհամարի հաշտվել։ Երկրորդ նամակով Մինաս Կիրիլլիչը հուսադրեց նրան, թե Վարվառեն փոքր առ վաքր մեղմանում է, թեև վերջինի կողմից այդ չէր նշմարվում։
Եվ ահա այս վերջին նամակի պատասխանն էր, որ Մինաս Կիրիլլիչն այն օրն առաջարկում էր Վարվառեին կարդալ։ Այդ անցքից հետո Մինաս Կիրիլլիչն երկար մտածում էր, թե ինչ պատասխանի Միզանդրոնցովին։ Նա յուր փեսայի զղջմանն այս անգամ անպայման հավատում էր։ Այս էր պատճառը, որ նա այն