Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխարեն, ութ հատ երկաթյա ոտներ է շինել — չորս-չորս յուրաքանչյուր կունտ ծնկան տակ — և, երկու ձեռներում մի-մի փայտ բռնած, շրջում է տասն ոտներով։ Նա, կարծես, բավական է համարում յուր ծանր դժբախտությունը, որպեսզի շարժի անցորդների գութը, նա ոչ ոքի առջև չի աղերսում, լուռ անցնում է ընդարձակ մայթով, և ողորմած մարդիկ իրանց սև լուման ձգում են նրա ափի մեջ։

Բայց ահա՛ մի ավելի դժբախտը։ Մի փոքրիկ սայլակի վրա, ցնցոտիների մեջ, գտնվում է ինչ-որ սև, կեղտոտ բան։ Դա մարդ է․ երևում են միայն ծերունական նիհար, կաշին կուչ-կուչված մի դեմք և երկու կիսամար աչքեր։ Առջևից սայլակը քաշում է մի առողջ պատանի, իսկ հետևից մղում է մի ավելի առողջ երիտասարդ։— Երկու մարդ տանում են երրորդին, որ չորրորդից ողորմություն մուրան։ Մեկն անդամալույծ ծերունի է, և նրա անօգուտ գոյությունը դիմավորում է երկու զույգ առողջ ձեռների ծուլությունը։ Մոտենում է նրանց մի երիտասարդ մուրացկան, կարմիր երեսով, մի ոտն առողջ, մյուսը գոսացած, մերկ, վարդագույն։ Նա հանդիմանում է սայլակը քշողներին, հայհոյում է նրանց «ծուլությունը», փախցնում է ճանապարհից և ինքը, ոստոստալով, ցցվում է ողորմած անցորդի առջև։

Մինաս Կիրիլլիչն ոչ ոքի չէր մերժում․ նա ինքը մոտենում է և յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի սպիտակ դրամ դնում։ Թշվառների գոհունակ դեմքը մի րոպեական մխիթարություն է շնորհում նրա վշտացած սրտին։ Բայց անցնում է րոպեն, և նրան դարձյալ տիրում է սովորական տխրությունը։

Ա՜խ, որքա՛ն նա բախտավոր կլիներ, եթե Վարվառեն լիներ երջանիկ ամուսին։ Սակայն ո՞վ է մեղավորը, որ նա այժմ դժբախտ է։

Այս հարցն ինքն իրան տալիս, Մինաս Կիրիլլիչը միշտ զգում էր խղճի մի սարսափելի խայթոց։ Որքան Միզանդրոնցովի արարքը գարշելի էր նրա աչքում ամուսնական անկողնի մաքրության վերաբերությամբ և որքան Վարվառեն ատում էր այդ թշվառ մարդուն, նույնքան Մինաս Կիրիլլիչի խիղճն ավելի էր տանջվում։

— Մեղավորն ես եմ,— ասում էր նա ինքն իրան։ Եթե ես