դաշտերն արդեն կանաչել էին։ Քաղաքի այգիները մի գեղեցիկ, խայտաբղետ տեսարան էին ներկայացնում։ Սոսիներն ու կաղամախները փոքրիկ դեղնա-կանաչագույն տերևներ էին արձակել, իսկ պտղատու ծառերից շատերը զարդարվել էին սպիտակ և վարդագույն ծաղիկներով։
Վարվառեն յուր լուսամուտից մի հայացք ձգեց հրապուրիչ գարնանային տեսարանի վրա և հառաչեց։ Սի այլ ժամանակ այդ օրն, այդ եղանակն և հոր գերեզմանատուն գնալը նրա մեջ կզարթնեցնեին անցյալի հիշատակներ։ Նա կմտաբերեր յուր մանկությունն, երբ հայրն ամեն տարվա զատկին յուր հետ տանում էր նրան գերեզմանատուն, ցույց էր տալիս մոր, քույրերի և եղբայրների գերեզմանները։
— Ահա՛, այստեղ թաղված է, սիրելի Վարիա, քո եղբայր Սրաֆիոնը․․․— կհիշեր նա հոր խոսքերը․․․— վեց տարին չէր լրացել, բայց տեսնողը կարծում էր, թե տասը տարեկան է․․․ խելոք, գեղեցիկ։ Այս փոքրիկ Ռոզայի գերեզմանն է․ ա՜խ, մայրդ ի՜նչքան սիրում էր նրան։ Ահա՛, այստեղ թաղված է Լիզան։ Լիզայի աչքունքը սև էին, մազերը խիստ երկայն, բոլոր դրացիները սիրում էին նրան։ Այդ մեկը Սաշայի քարն է․ համբուրի՛ր, Վարիա, համբուրի՛ր, քո եղբոր գերեզմանն է․․․ Այն էլ Սիրունիկն է․․․ Տեր Գրիգորը տվեց նրան այս անունը, օրհնեց և ասաց, «թող աստված սրան երկար կյանք տա»։ Բայց աստված նրան էլ չպահեց։ Այս կո՛ղմ եկ, այս կո՛ղմ եկ, դա Սոնիան է, դեռ քար չեմ գցել տվել, փոքրիկ էր, շատ փոքրիկ․․․ Վարինկա, քաղի՛ր այն սպիտակ ծաղիկը․․․ Այստե՛ղ եկ, այս մեծը տեսնո՞ւմ ես․․․ ճանաչո՞ւմ ես, Վարինկա․․․ Դա նա է, քո․․․
Հոր ձայնն այստեղ ընդհատվում էր, խուլ հեկեկանքը չէր թույլ տալիս նրան շարունակել։ Իսկ մանկահասակ Վարվառեն վազվզում էր շիրիմների շուրջը, համբուրում էր, ծաղիկներ էր քաղում, չնկատելով հոր արցունքն յուր թանկագին զավակների և անբախտ ամուսնու մասին։
Ո՛չ, այդ չէր հիշում Վարվառեն այս անգամ, նրա միտքն ուղղված էր դեպի ա՛յլ կողմ, նրա սիրտն ուժգին ալեկոծվում էր ա՛յլ զգացմունքներով։