Ինչո՞վ վարձատրեցին նրան այն վշտերի փոխարեն, որ երկու տարի շարունակ մաշում էին նրան Միզանդրոնցովի հարկի տակ։ Ինչո՞ւ և՛ այժմ ստիպում են նրան ընդունել այն, ինչ որ գարշ է, և խլում են նրանից այն, ինչ որ երջանկություն է։ Այդ բնության օրենքներն են։ Ինչո՞ւ հակասում են բնությանն, որն ինքն աստվածն է։ Ո՛չ, այդ անկարելի է, այդ բռնություն է․․․ քրիստոնեական ազատամիտ սկզբունքները չեն կարող այդքան խստադատ լինել․․․
— Տեր աստված, տեր աստված, ոչինչ չեմ հասկանում, ոչի՜նչ,— գոչեց Վարվառեն, այս խոկումների ծանրության ներքո ճնշված,— աչքերս մթնում են, գլուխս պտտում է այս բոլորից։
Մի՞թե նրան էր միայն վիճակված լուծել այս դժվար խնդիրը։
Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի պատճառով, ո՞ւմ է վնասել, ե՞րբ է մեկին նախանձել կամ մեկին չար կամեցել։ Նա բախտավորության մասին այլ գաղափար ուներ, նրա երևակայությունը ստեղծել էր բոլորովին այլ կենսական իդեալ։ Բայց ճակատագիրը թշնամացավ նրան։ Վաղօրոք խլեցին նրան բնության ձեռքից և հանձնեցին դժբախտության ձեռքը։
— Պա՛պա, պա՛պա, ես քեզ չեմ մեղադրում։ Դու ինձ անկեղծ ցանկանում էիր բախտավորություն։ Դու համոզված էիր, որ այդ բախտավորությունն ես կվայելեմ Մեզանդրոնցովի հետ։ Գիտեմ, որ դու էլ դժբախտ ես իմ պատճառով․․․ ի՜նչպես մեղադրեմ քեզ։ Բայց իմանո՞ւմ ես, արդյոք, թե ինչ դրության մեջ եմ ես։ Ո՛չ, եթե իմանայիր, դու չէիր կարող այդպես անտարբեր մնալ Այժմ կիմանաս․․․ այժմ ուժ չունիմ այլևս թաքցնելու իմ սրտի զգացածը։ Ախ, տեր աստված, ի՞նչ կպատահի, արդյոք, նրան, եթե իմանա․․․
Նա թուլացած, հաղթահարված նստեց աթոռի վրա և գլուխը հենեց կոներին։ Շատ մնաց այդ դրության մեջ, թե՛ քիչ — չգիտեր, հանկարծ գլուխը բարձրացրեց և վճռական եղանակով արտասանեց․
— Այդ կլինի սպանություն․․․ ես չեմ կարող այդ քայլն անել, հարկավոր է հետ կանգնել, քանի որ միայն անդունդի ծայրումն եմ։ Ես չեմ թողնիլ, որ իմ երջանկության համար հայրս ստանա