Էջ:Shirvanzade I hator.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստած, անթարթ աչքերով հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը։ Նրանք սկսեցին նորից խոսել։ Սեղանի ծայրում դրած էր ինչ-որ գիրք։ Ռոստամյանը, մի բան ասած լինելու համար, հարցրեց, այժմ ինչ է կարդում Վարվառեն։

— Ո՛չինչ,— պատասխանեց վերջինն և գլուխը թեքեց կրծքին։

Այնուհետև խոսակցությունն առաջ չգնաց, բացի հատ և անկապ խոսքերից։

Լռությունն ավելի սաստկացնում էր երիտասարդական սրտերի բաբախումը․․․

— Ոչ, այլևս չեմ կարող երկար զսպել ինձ,— ասաց մտքում Ռոստամյանը։

Նույն վայրկյանին նրա աչքերը հանդիպեցին Վարվառեի աչքերին։ Այս եղավ մի զորեղ հարված նրա բռնի անձնակալության։ Հայացքները պարզ արտահայտում էին այն, ինչ որ լեզուն վարանում էր խոսել։

Ռոստամյանը մի անզոր ճնշում ես գործեց բուռն զգացմունքների վրա։ Բայց այլևս ուշ էր։ Նա տեսավ, որ Վարվառեն հանկարծ վեր կացավ տեղից, մոտեցավ փողոցի կողմի լուսամուտին և նայեց դեպի դուրս, աջ ու ձախ։

Ռոստամյանը նույնպես բարձրացավ տեղից, բոլորովին դեղնած, շնչասպառ, աչքերը մթնած, գրեթե խելակորույս։ Նա մոտենում էր Վարվառեին։ Սենյակի մեջտեղում նա կանգ առավ։ Վարվառեն լուսամուտի կողմից հետ դարձավ, և այդ րոպեին նրանք երես առ երես հանդիպեցին իրարու, միմիայն մի քայլ հեռավորության վրա։ Քանի մի վայրկյան նրանք շվարած նայում էին միմյանց երեսին։

— Ի՞նչ պատահեց ձեզ․․․— գոչեց Վարվառեն երկյուղալի ձայնով։

Ռոստամյանը լուռ էր։

— Ի՞նչ պատահեց ձեզ․․․— կրկնեց Վարվառեն շշնջյունով։

Ռոստամյանը դարձյալ լուռ էր։

Վարվառեն անգիտակցաբար մի քայլ հետ կանգնեց։ Նույն վայրկյանին նա յուր երկու ձեռների վրա զգաց մի ջերմ շփումն։