Էջ:Shirvanzade I hator.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի ակնթարթում նրա աչքերր մթնեցին, սենյակը խավարվեց, գլուխը պտտեց։ Արյան տաք, ախորժելի հոսանքը խփեց գլխին, և նա հաղթված, թուլացած ընկավ, բայց ո՜ւր․․․

Նույն րոպեին լուսամուտի առջևով, պատշգամբի վրա, կատվի քայլերով, անցավ մի փոքրահասակ արարած։ Նրանք ոչինչ չնկատեցին, և չէին կարող նկատել․․․

Վարվառեն սթափվեց։ Երկու ուժեղ թևեր մեղմիկ գրկած էին նրա բարձր իրանը։ Նա դուրս ազատվեց այդ հրապուրիչ շղթայից, ոտքից գլուխ ուժգին դողալով, մի քանի քայլ հետ դրեց և խուլ, ալեկոծված ձայնով գոչեց․

— Խելագա՜ր, ի՞նչ եք անում․․․

— Վարվառե, Վարիա․․․— հնչեց նրա ականջին Ռոստամյանի ձայնը տարօրինակ եղանակով։

— Հեռացե՛ք, այստեղից, դուք ինձ անդունդն եք գլորում․․․— արտասանեց Վարվառեն, երեսը դողդոջուն ձեռներով ծածկելով։

— Անդո՜ւնդ․․․— կրկնեց Ռոստամյանն․․․— ես ուզում եմ անդունդից դուրս բերել ձեզ։

Նա բռնեց Վարվառեի ձեռն և, յուր երկու ձեռների մեջ սեղմելով, աչքերը հառեց նրա աչքերին ու հուզված ձայնով շարունակեց․

— Դուք գիտեք, որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել։ Րոպեական խելագարություն չէ այս։— Ո՛չ ամենևին։ Ձեզ ամեն ինչ հայտնի է։ Վարիա, Վարվառա Մինայեվնա, ես․․․ շատ եմ մտածել․․․ շատ եմ զգացել, օօ՜օ, շա՛տ եմ զգացել։ Կարո՞ղ է մարդ հաղթել բնությանը։ Ես․․․ քեզ․․․ ոչ․․․ ձեզ անդո՞ւնդն եմ գլորում․․․ ե՞ս։ Նայեցե՛ք, բացի այս շնչառությունից մի ուժ մնացե՞լ է իմ մեջ։ Միթե ես չե՞մ մտածել արգելքների մասին․ միթե երկու ամիս շարունակ գիշեր ցերեկ չեմ պատերազմել ինքս ինձ հետ։ Բայց այժմ տկար եմ, անկարող, այո, թուլացած, ոչնչացած այս անհաղթելի զգացմունքից։ Գուցե կարողանայի զսպել ինքս ինձ, եթե հավատացած չլինեի, որ դուք կարհամարհեք նախապաշարմունքները։ Այո, հավատում եմ, դուք կարող եք մոռանալ մանր մարդկանց կեղծ հասկացողությունն առաքինության մասին։ Դուք բարձր եք այդ թզուկներից․․․ նայեցեք ուրեմն նրանց վրա