Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ մի ծանոթ հյուրանոց էր, ուր նա մի քանի անգամ ճաշել էր։ Նա մտավ ներս։

Մի մեծ սենյակում դրված էին մի քանի սեղաններ, ձյունի պես ճերմակ և մաքուր սփռոցներով ծածկված։ Մոտ մի տասնյակ հյուրեր, այս ու այնտեղ առանձին-առանձին նստած, լուռ ճաշում էին, աչքի տակով նայելով միմյանց վրա։

Ռոստամյանն անցավ մի ուրիշ փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։ Նրա առջև իսկույն ցցվեց սև հագնված մի իմերել սպասավոր, կերակուրների ցուցակը ձեռին և մի երկայն անձեռոցիկ ուսով գցած։ Ռոստամյանն առանց ընտրելու, պատվիրեց առաջին աչքին ընկած կերակուրն և մի շիշ գինի։

Մինչև ծառան պատվերը կկատարեր, նա, արմունկները սեղանին հենած, ծանրացած գլուխը ձեռներով բռնած, մտածում էր յուր արարմունքի մասին։

Անսպասելի՜ անցք․․․ ո՛չ, բախտավոր եղելություն։ Ի՞նչպես հանկարծ տեղի ունեցավ այն։ Միթե Ռոստամյանն այդ մտադրությունն ունե՞ր, երբ գնում էր Վարվառեի մոտ։ Ո՛չ․ նրան ձգում էր Վարվառեին տեսնելու ցանկությունը։ Բայց ինչո՞ւ համար, ինչո՞ւ դարձյալ ինքնախաբեությամբ պարապել․ չէ՞ որ վերջ ի վերջո ամեն ինչ պիտի պարզվեր․ չէ՞ որ նրա համար այլևս անտանելի էր դարձել անորոշ դրությունը։ Ուրեմն, կատարվեց այն, ինչ որ վաղ թե ուշ պիտի կատարվեր․․․

Այժմ գեթ փարատվեցին նրա կասկածները — Վարվառեն սիրում է նրան։ Բայց չէ՞ որ նույն Վարվառեն նրա առջև բաց արավ և՛ այն խոչընդոտները — հոր ինքնասիրությունը, մարդկային օրենքներն և կրոնի կանոնները։ Ո՞րն ընտրել — արհամարհա՞նքն, անե՞ծքն, ատելությո՞ւնը, թե՞ մշտնջենական հոգեկան ծանր, մաշող վիշտը, կենդանի մահը, բարոյական ոչնչությունը։

Այստեղ Ռոստամյանի մտքերը շփոթվեցին։ Նա մոռացավ իրան և սկսեց մտածել միմիայն Վարվառեի մասին։ Միթե կարելի՞ է մի կնոջից պահանջել այնչափ քաջություն․․․ միթե սերը կարո՞ղ է Վարվառեին ստիպել, որ նա մի այնպիսի ծանր զոհաբերություն անի — զրկվի հոր սիրուց, ենթարկվի նրա հավիտենական անեծքին, հասարակության նախատինքին, ծաղրին և ատելությանը։