Էջ:Shirvanzade I hator.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հարցը բաց արավ այրի Նատալիայի լեզուն։ Նա, հառաչելով, տնքտնքալով, սկսեց նկարագրել յուր կենողների դրությունը։ Հայրը խիստ տխուր է, իսկ աղջիկը ոչ հիվանդ է հիվանդի պես, ոչ էլ առողջ։ Բայց այս վերջին օրերը Վարվառեն մի գլուխ մաշվում է։

— Պառկա՞ծ է,— հարցրեց Ռոստամյանը դեռևս զսպելով իրան։

— Մի քանի օր պառկած էր, բայց հիմա ոտքի է։

Ռոստամյանը ներքին հուզմունքից շրթունքը կծեց։

— Երեկ Մինաս Կիրիլլիչը ինձ հայտնեց, որ շուտով դուրս են գալու իմ տնից,— շարունակեց այրին։

— Նոր բնակարա՞ն են տեղափոխվում,— հարցրեց Ռոստամյանը։

— Ոչ, գնում են, Ստեփան Գրիգորիչ։

— Ո՞ւր։

— Չեմ իմանում։ Չեն ուզում, որ Թիֆլիսում մնան։

— Ե՞րբ են գնալու,— հարցրեց Ռոստամյանը հազիվհազ կարողանալով ընդունել այդ անսպասելի հարվածը։

— Դեռ հայտնի չէ․ Մինաս Կիրիլլիչը որտեղից որ է, փող պիտի ստանա․ հենց որ ստացավ, կգնան։ Բայց, ավելացրեց այրին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով,— դժվար թե շուտով կարողանան գնալ։ Բժիշկն ասել է, որ Վարվառեն այժմ չի կարող երկար ճանապարհորդություն անել․․․ վնաս է․․․

Ռոստամյանը գունաթափվեց։ Այդպես, ուրեմն, նա բժշկվում է, կնշանակե — իսկապես հիվանդ է և գուցե — վտանգավոր։ Այլևս Ռոստամյանը չշարունակեց յուր հարց ու փորձը․ նա խոսակցության նյութը փոխեց, մի քանի րոպե ևս մնաց և հետո գնաց յուր սենյակը։

Շտապով նստելով սեղանի մոտ, նա սկսեց գրել մի նամակ Վարվառեի անունով։ Նա աղերսում էր Վարվառեին — թույլ տալ մի կերպ, գեթ մի կես ժամով տեսնվել նրա հետ։ Նամակը վերջացրեց, ծրարեց, մնում էր ուղարկելու միջոցը գտնել։ Ռոստամյանը նախ մտածեց փոստով ուղարկել, բայց այդ կասկածելի մի միջոց էր․ նամակը կարող էր անցնել Մինաս Կիրիլլիչի ձեռքը, այնուհետև հետևանքը պարզ էր։ Երկու ամբողջ օր, նամակը