Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա սկսեց շտապով ճաշել։ Այրին ագահությամբ դիտում էր նրա դեմքը գաղտնի կերպով։ Թվում էր նրան, որ յուր երիտասարդ բնակիչը վերջին օրերը ոչ միայն նիհարել է, այլև ծերացել։ Արդարև, նրա լայն ճակատի կողմերում, քունքերի մազերի մեջ ճերմակների թիվը, կարծես, ավելացել էր։ Բերանի անկյունների խորշերը մի փոքր ևս խորն էին ընկել, իսկ կարճ խուզած նոսր միրուքն ավելի նկատելի էր կացուցանում նրա նիհարությունը։

Ճաշից հետո, Ռոստամյանը, հակառակ սովորականին, մնաց այրի Նատալիայի մոտ։ Նա նստեց թախտի վրա, ծխախոտը ձեռին։ Այրին զգում էր, որ նա բան ունի ասելու։ Իրավ, Ռոստամյանը մտադիր էր յուր բարեսիրտ տանտիկնոջ հետ խոսակցություն բանալու․․․ Վարվառեի մասին։ Այն նշանավոր օրից հետո անցել էր ամբողջ տասներեք օր, իսկ Ռոստամյանը տակավին չէր տեսել Վարվառեին։ Հինգ-վեց օր շարունակ նա ցերեկները թափառում էր դրսերում։ Վերջը նրա համբերությունը սպառվեց, և նա վճռեց անպատճառ տեսակցել Վարվառեի հետ։ Իսկ Վարվառեն չէր երևում ո՛չ պատշգամբի վրա և ո՛չ լուսամուտների առջև։ Ի՞նչ պատահեց արդյոք, մի գուցե հիվանդ է։ Երևի հիվանդ է, եթե ոչ՝ գոնե կերևար դրսում։ Միայն մի անգամ Ռոստամյանը կանթեղի լուսով նշմարեց Վարվառեին լուսամուտի առջև, բայց նրա կասկածը չփարատվեց հիվանդության մասին։

Մի թեթև կողմնակի խոսակցությունից հետո, Ռոստամյանը հաջողություն ունեցավ այրիի հետ խոսք բանալու յուր ցանկալի առարկայի մասին։ Նա շատ լավ գիտեր, որ այրիին ամեն ինչ հայտնի է, բայց դեռևս չէր համարձակվում նրա հետ պարզ խոսել։ Իսկ այրին քաղաքավարությամբ լռություն էր պահում խորհրդավոր հարցի մասին։

— Մինաս Կիրիլլիչն էլ չի երևում,— ասաց Ռոստամյանը կեղծ անտարբերությամբ։

— Ինչո՛ւ,— պատասխանեց այրին,— մեկ-մեկ դուրս է գալիս տնից։

— Դուք գնո՞ւմ եք այնտեղ,— առաջ տարավ Ռոստամյանը յուր խոսքը նույն անտարբերությամբ։

— Երեկ այնտեղ էի։

— Հիվանդ խոմ չե՞ն։