Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստրկանում է մինչև գետին։ Ինչո՞ւ, որովհետև նա է նրա միակ անսխալ դատավորը, նա է նրա մտքի և սրտի ղեկավարը։ Սեփական խիղճը, խելքի ինքնուրույնությունը մի կրավորական տարր է նրա մեջ, որ ենթարկված է ուրիշների հայացքներին։ Այո, զարհուրելի է հանրության բարոյական լուծը մեկի վրա․ նա մի բռնակալ է, որ անհատի մեջ անզգայաբար ջնջում, ոչնչացնում է ամենայն մի ինքնուրույնություն։ Ահա ինչու, երբ մի անհատ հանդգնում է ընդդիմանալ այդ հանրային բռնակալության, ամբոխը մատնացույց է անում նրա վրա, գռռալով․

— Ահա հանցավորը, որին պիտի պատժել․ ահա խելագարը, որի ոտները և ձեռները պիտի շղթայել․ պատժեցե՛ք, խեղդեցե՛ք, դո՛ւրս գցեցեք ձեր շրջանից, որովհետև նա համարձակվում է բողոքել մեր նախապաշարմունքների և սնահավատության դեմ․․․

Կո՜ւյր մոլեռանդ դատավոր, որ միշտ ուղեղի մի կողմովն է խորհում և դատում։ Իրավունք ունի։ Թո՛ղ դատի և դատապարտի, բայց ո՞չ ապաքեն օրենքներն ևս անհատներն են ստեղծում, ո՞չ ապաքեն եղել է ժամանակ, որ ներկա ավանդություններից շատերը, շատ շատերը բացառություն և դատապարտելի բացառություն էին համարվում և նույնպես պատմվում էին ամբոխի կողմից։ Եվ միթե միևնույն այս դեպքում այն, ինչ որ համարվում է այժմ հանցանք, ապագայում չպե՞տք է դառնա օրենք։ Միթե մի ոք կարո՞ղ է դադարեցնել բնության անընդհատ շարժվող մեքենայի անիվը ․․․

Այս մտքերի ծանրության ներքո Ռոստամյանը ոտքի կանգնեց, նայեց դեպի գավիթ։ Արդեն անցել էր մի ամբողջ ժամ, բայց Վարվառեից պատասխան չկար։ Յուրաքանչյուր րոպե նա սպասում էր աղախնին։ Անցավ երկու, երեք ժամ ևս․ պատասխան չկար։ Տիրեց տխուր երեկոն։ Գավթում արդեն մութն էր, իսկ Վարվառեի պատուհանում լույս չէր երևում։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել։ Մի՞թե Վարվառեն այնքան հիվանդ է, որ չի կարող գեթ մի քանի տող պատասխան գրել։ Մի գուցե նա չի ուզում պատասխանել․․․ մի գուցե վճռել է․․․ մոռացության տալ։ Շատ հավանական է, չէ՞ որ նա «սիրում է հորը»։

Գիշերվա կիսին մոտ էր, այնինչ Ռոստամյանը, դռները բաց թողած, անցուդարձ էր անում պատշգամբի կողմի սենյակում։ Նա